Ինչ տեղի կունենա Համբուրգում, և որտեղ է գտնվում ԼՂ կարգավորման գործընթացը
Դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի օրակարգում եվրոպական անվտանգության, ՆԱՏՕ-ի պաշտպանունակության բարձրացման, վարշավյան գագաթաժողովի որոշումների կայացման հարցերն են լինելու։
գնչպես օրերս Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն է նշել, ԵԱՀԿ-ն մտադիր է ամրապնդել սեփական պաշտպանունակությունը։ «Փորձելու ենք ազդանշան տալ սովորական սպառազինության կրճատման մասին»,- ասել է Շտայնմայերը։ Այս գագաթաժողովով կավարտվի ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, որը հաջորդ տարվանից կանցնի Ավստրիային։
Գերմանիան, ինչպես հայտնի է, ցանկանում էր ՌԴ-Արևմուտք սրման ֆոնին առաջընթաց գրանցել Եվրոպայի հարևանությամբ առաջացած հակամարտություններում, այդ թվում` ԼՂ հակամարտությունում։ Պատահական չէ նաև, որ եվրոպական անվտանգության ամրապնդման թեմաներին զուգահեռ` նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների և հակամարտող երկրների ԱԳ նախարարների միջև, թեև հանդիպման անցկացման հարցում հստակություն դեռևս չկա։
«168 Ժամի» հետ զրույցում Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ԵԱՀԿ-ում երկրների նախագահությունը պետք չէ կարևորել, քանի որ նախագահող երկրներն առաջնորդվում են ընդհանուր ԵԱՀԿ առաջնահերթություններով, որն է անվտանգության և կայունության ապահովումը։ Սա է, նրա վստահեցմամբ, ԵԱՀԿ-ի և յուրաքանչյուր նախագահող երկրի առաջնահերթությունը։
«Ցանկացած երկիր ցանկանում է իր նախագահության օրոք կարևոր հաղթանակ կնքել, իսկ Գերմանիան հավակնոտ երկիր է։ Ասել, որ այս տարի հաջողվել է բարձրացնել Եվրոպայի անվտանգությունը, սխալ կլինի, Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, որտեղ կա ռուսական սպառնալիք, անվտանգության ամրապնդման հարցն ի հայտ եկավ հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո։
Այժմ արևմտյան համայնքը փորձում է իրադարձություններից առաջ ընկնել և ապահովել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների անվտանգությունը` այնտեղ ՆԱՏՕ-ի բազմազգ բատալյոններ տեղակայելով։ Սակայն նման քայլերին զուգահեռ` քննարկվում է պատժամիջոցները պահպանելու հարցը, որի զսպիչ դերակատարությունը Եվրոպան իսկապես զգում է»,- նման տեսակետ հայտնեց լոնդոնցի քաղաքագետը։
Իր հերթին` Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Նիկոլա Հայոսը մեզ հետ զրույցում դրական գնահատեց Գերմանիայի դերակատարությունը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, նշելով, որ Գերմանիան մշտապես փորձել է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Ըստ նրա` Գերմանիային այս նախագահությամբ հաջողվել է մեղմել Ռուսաստանի կարծր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի հարցում։ Թեև, նրա խոսքով, ասել, որ բանակցությունները հաջողությամբ են ընթացել, սխալ կլինի, քանի որ զիջումներ չեն եղել։
«Համբուրգյան գագաթաժողովն աշխատանքային հանդիպում է, նման հանդիպումներ անցկացվում են ամեն տարեվերջին, ինչը հնարավորություն է տալիս կիսվել նախկին որոշումների իրականացման ընթացքով, ձեռքբերումներով, կորուստներով։
Բայց, կարծում եմ, այս տարվա ամենամեծ անակնկալը ԼՂ հակամարտության բռնկումն էր։ Հակամարտությունը Եվրոպայում որակվում էր` որպես սառեցված, նաև մոռացված, որի բռնկումը ցնցում էր Եվրոպայի համար»,- ասաց քաղաքագետը։
Վերջինս, անդրադառնալով համբուրգյան հանդիպման հնարավորությանը, ասաց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը փաստ, ապացույց է այն բանի, որ բանակցությունները դադարելու իրավունք չունեն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կողմերին հանդիպումներ, թեկուզ ժամանակավոր լուծումներ առաջարկեն։
Նման ժամանակավոր միջոցառում էր շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ ներկայացուցչի առաքելության ընդլայնումը։ Այս միջոցառումը թույլ կտար ԵԱՀԿ-ին, մասնավորապես` Մինսկի խմբին, աշխատել հասցեական, ինչը հենց հակամարտող կողմերն են պահանջում։
Սրան զուգահեռ` սա հնարավորություն կտար պատժամիջոցներ և այլ միջոցներ կիրառել այն կողմի նկատմամբ, ով խախտում է 1994թ. հաստատված հրադադարը։ Սակայն կողմերից մեկը կարծես դեմ է այս միջոցառումներին շփման գծում, քանի որ չի բացառում հակամարտության կարգավորումն ուժի միջոցով, ինչի մասին նաև բացահայտ է հայտարարում։ Կարծում եմ` ներկայումս ստեղծված իրավիճակի ելքն այս միջոցառումների ներդրումը պարտադրելն է, քանի որ առանց դրանց բանակցություններ տեղի չեն ունենա, ավելին, կբարձրանա ռազմական գործողությունների ռիսկը»,- ասաց Նիկոլա Հայոսը։
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ միջազգային իրավունքը գործոն չէ, գործոն է ուժը, և ադրբեջանական կողմը վերադարձնելու է իր «պատմական հողերը», վերլուծաբանն ասաց, որ դա հռետորաբանություն է։
«Նման մեկնաբանություններ ժամանակ առ ժամանակ հնչում են Ադրբեջանի ղեկավարության կողմից, սակայն պարզից էլ պարզ է, որ պատերազմի չվերսկսման առաջին շահագրգիռ կողմերից մեկն Ադրբեջանն է, որն ընկղմվել է տնտեսական խնդիրների, ճգնաժամի մեջ, երկրի ներսում լուրջ բողոքի ալիք է բարձրանում` պայմանավորված սակագների գների բարձրացմամբ, դրանց բարձրացումը ևս դիտարկվում է այս խնդիրների համատեքստում, իսկ պատերազմ սկսելը լուրջ ռեսուրսների հարց է։ Վստահեցնում եմ, որ երկարատև պատերազմի ծրագրեր Ադրբեջանը չունի, հենց այդ պատճառով էլ մշտապես շեշտվում է նրանց կողմից բլից-կրիգի հնարավորության մասին, քանի որ չկան պատերազմական ռեսուրսներ»,- նման համոզմունք հայտնեց Հայոսը։
Նեյլ Մաքֆարլեյնը ևս գտնում է, որ բանակցություններին այլընտրանք ոչ կողմերը, ոչ միջնորդները չեն դիտարկում։
«Ես կարծում եմ, որ, եթե նույնիսկ կողմերը հանդիպեն Համբուրգում, որևէ բեկման ականատես չենք լինելու, պարզապես հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ հաճախակի շփումները հակամարտող կողմերի միջև թուլացնում են լարվածությունը, կարգավորման հույս են ներշնչում։ Նոր միտումներ կարգավորման գործընթացում չկան, կողմերը համաձայնության չեն գալիս միևնույն հարցերի` տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շուրջ։
Այդ անհամաձայնությունների ընթացքում փոխվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, Ադրբեջանը սկսում է իրեն ավելի վստահ զգալ, քանի որ ձեռք է բերում հզոր սպառազինություն ֆինանսական ռեսուրսների շնորհիվ, սակայն ոչ այնքան վստահ է իրեն զգում, որն իրեն թույլ կտա սկսել լայնածավալ պատերազմ, քանի որ նավթի գների անկումը լուրջ հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը։ Սակայն Ադրբեջանը շարունակում է հայտնել իր դժգոհությունը, ինչը նշանակում է, որ վտանգը չի հեռացել, դրանում մենք համոզվեցինք ապրիլ ամսին։
Ներկայիս իրավիճակը ենթադրում է, որ էսկալացիաներ լինելու են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ կայացած չէ գլխավոր համաձայնությունը հակամարտող կողմերի միջև։ Այնուամենայնիվ, այստեղ ես կցանկանայի հիշատակել նաև Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը փորձելու է պահպանել այն իրավիճակը, ինչը եղել է միշտ, այսինքն` թույլ չի տալու լայնածավալ պատերազմ, ինչն արեց ապրիլին, թեև տեղեկություններ եղան, թե ադրբեջանական կողմն արդեն որոշել էր հետ կանգնել ռազմական գործողություններից»,- մանրամասնեց իր տեսակետը վերլուծաբանը։ Այնուամենայնիվ, լոնդոնցի փորձագետը ելք տեսնում է։ «Ինտենսիվ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Հենց այդ քննարկումների արդյունքում ձեռք կբերվեն անակնկալ համաձայնությունները։ Ուստի պետք է միջնորդներն ապահովեն այդ դինամիկ բանակցությունների առկայությունը` թույլ չտալով կողմերից որևիցե մեկին կոշտացնել իր դիրքորոշումը»,- ասաց Մաքֆարլեյնը։