Քիչ փողի ժամանակը
Դատելով տարբեր աղբյուրներից ստացված տվյալներից` կապիտալի ներհոսքը Հայաստանի տնտեսություն շարունակում է նվազել։ Սկսենք ներդրումներից։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է օտարերկրյա ներդրումների ցուցանիշները` 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ասել, որ դրանք մտահոգիչ են` կնշանակի` ոչինչ չասել։
Այսպես, 2016թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է շուրջ 27 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 44.4մլրդ դրամ։ Նշենք, որ ըստ ԱՎԾ մեթոդաբանության, ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները), զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։
Ընդամենն օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, նվազել է 69.6 մլրդ դրամով կամ 72%-ով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 35.8 մլրդ դրամով կամ 44.6%-ով։
Ամենից շատ նվազել են Ռուսաստանից եկող ներդրումները։ Այսպես, եթե 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստանի իրական հատվածում կատարված ընդամենը ներդրումների ծավալը 14.2 մլրդ դրամ էր, իսկ ուղղակի ներդրումների ծավալը` 14.4 մլրդ դրամ, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին պատկերն այսպիսին է` ընդամենը ներդրումներ` -72.7 մլրդ դրամ, ուղղակի ներդրումներ` -55.7 մլրդ դրամ։ «Մինուս» նշանն այս դեպքում նշանակում է, որ ստացումների և մարումների տարբերությունը բացասական է։ Այսինքն, կապիտալն արտահոսել է Հայաստանից։
«Մինուս» նշանով են նաև Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդեռլանդների ներդրումները։ Գերմանիայից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ընդամենը ներդրումներն այս տարվա առաջին 9 ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 30.մլրդ դրամով և կազմել -549 մլն դրամ, Շվեյցարիայից ներդրումները նվազել են 44.7 մլրդ դրամով և կազմել -40.8 մլն դրամ, Նիդեռլանդների ներդրումները նվազել են 13.4 մլրդ դրամով և կազմել -12.2 մլրդ դրամ։
Այսքանը` ներդրումների մասով։
Սակայն պակաս մտահոգիչ չէ նաև ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումների, կամ, ինչպես ասում են, տրանսֆերտների վիճակագրությունը։
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` տրանսֆերտների ներհոսքը շարունակում է նվազել։ 2016 թվականի հոկտեմբերին ֆիզանձինք Հայաստան են փոխանցել 144.7 մլն դոլար։ Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` տրանսֆերտների ներհոսքը նվազել է 8.2 մլն դոլարով կամ 5.7%-ով։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, ամսական կտրվածքով այս տարվա ընթացքում տրանսֆերտները նախորդ տարվա ցուցանիշից բարձր են եղել միայն փետրվարին։
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336.1 մլն ԱՄՆ դոլար։
Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով։
Միևնույն ժամանակ` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի` դրամական միջոցների արտահոսքն աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։
Այսպիսով, տրանսֆերտների զուտ ներհոսքը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին 556.5 մլն դոլար է։
Նշենք նաև, որ ամենից շատ նվազել են Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները, և ամենից շատ ավելացել դեպի Ռուսաստան ուղարկվող գումարները։