«Վարչապետը շատ սթափ պատկերացնում է, թե որն է գլխավոր խնդիրը՝ ՀՀ-ի առաջ ծառացած». Լևոն Զուրաբյան

«Պարոն Արամյան, մենք չենք ուզում, որ դուք փոխեք պարտքային քաղաքականությունը, որովհետև խնդիրը բացարձակապես պարտքային քաղաքականության մեջ չէ, խնդիրը զարգացման քաղաքականության մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2019 թվականը իշխանությունների պլանավորած աճի տոկոսները մեր տնտեսությունը տանում են դեպի դեֆոլտ և տնտեսական կոլապս։

«Նախորդ իմ ելույթից մի քանի օր անց պարզվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կիսում է իմ այս գնահատականը։ «Բլումբերգին» տված նոյեմբերի 21-ի հարցազրույցում նա ասաց՝ «Հայաստանի  արտաքին պարտքը կազմում է 5.8 միլիարդ, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 միլիարդ դոլար, և 2017 թվականի 3.2 տոկոս աճը չի կարող ապահովել կենսամակարդակի նշանակալից բարելավում։  Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն»։ Շատ հստակ գնահատական է, որից հետևում է, որ վարչապետը շատ սթափ պատկերացնում է, թե որն է գլխավոր խնդիրը ՀՀ-ի առաջ ծառացած։ Հարց է ծագում, եթե դուք այսքանը հասկանում եք ու ուզում եք, որ մենք հաստատենք այս թվերը, որոնց համաձայն՝ մենք անդունդ ենք գնում, դուք ասում եք՝ կամ դուք չունեք երկրի կառավարման ծրագիր, կամ՝ որ դուք սրանով ցանկանում եք, որ մենք ձեզ հետ միասին կիսենք երկիրն  աղետի տանելու ծրագրի համար պատասխանատվությունը։ Բնականաբար, մենք երբեք նման բան չենք անի, ոչ էլ ձեզ խորհուրդ կտայի»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավարը։

Լ. Զուրաբյանի խոսքով՝ սա ընդամենը խոստովանություն է սեփական անկարողության մասին. «Մենք սրան դեմ ենք քվեարկում ու կոչ ենք անում ժողովրդին օգտագործել 2017 թվականի ապրիլին իրենց տրված շանսը, ազատվել մեր տնտեսությունը խեղդող այնպիսի իշխանություններից, ինչպիսին դուք եք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս