Սերժ Թանկյանը կգա Հայաստան՝ որպես խորհրդարանական ընտրություններին դիտորդ
Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և սփյուռքի այլ գործիչներ 2017թ. ապրիլին կգան Հայաստան՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։
Այս մասին այսօր սկայպով հայտարարեց Ս. Թանկյանը՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի և դերասան Հրանտ Թոխատյանի՝ Երևանում հրավիրած ասուլիսին։
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։
Հարցին, թե արդյոք 2017թ. խորհրդարանական ընտրություններին այս նախաձեռնության անդամները կգա՞ն Հայաստան, բոլորը, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, քննարկման մասնակիցները միաձայն ասացին՝ այո:
Սերժ Թանկյանը, ամփոփելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքը, որին, ըստ նախաձեռնողների, երկու ամսվա ընթացքում մասնակցել է 4400 մարդ, նշեց, որ իրենց համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը:
«Սփյուռքահայությունն անջատված է հայաստանյան իրադարձություններից` լինի դա քաղաքական, սոցիալական թե տնտեսական: Այս փորձը կարևոր դաս է՝ անդրադառնալու, որ սփյուռքահայությունը և Հայաստանը բաժանված են, հենց դա պետք է փոխենք»,- ասաց Թանկյանը: Նրա խոսքով` խնդիրը ոչ թե կուսակցության մեջ է, կամ ում համար ենք քվեարկում, հարցն այն է, որ պետք է անել ամեն ինչ, որ երիտասարդությունը չարտագաղթի: