Հայտնի հայ մտավորականները միջնորդագրով դիմել են Հայաստանի իշխանություններին
Հայաստանաբնակ և սփյուռքաբնակ մի շարք մտավորականներ «Արդարադատություն Հայաստանում» խորագրով ստորագրահավաք են կազմակերպել change.org կայքում, որի նպատակն է՝ կոչով դիմել Հայաստանի իշխանություններին՝ փոփոխություններ իրականացնել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում։
Ստորագրահավաքի նախաձեռնողները գրում են, որ իրենք՝ Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերը, հաշվի առնելով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, «Ո՛չ» են ասում համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, Ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին։
Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքները՝ իրականացնել արդար և թափանցիկ ընտրություններ, հարգել օրենքի գերակայությունը, նպաստել ժողովրդավարական փոփոխություններին Հայաստանի քաղաքացիների ներգրավվմամբ։
«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով»,- ասված է միջնորդագրի տեքստում։
Ստորագրահավաքին արդեն իսկ միացել են երաժիշտ Սերժ Թանկյանը (System of a town), դերասան Վահե Բերբերյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Քրիս Բոհջալյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Էրիկ Նազարյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Դավիթ Ալփայը, երաժիշտ, կոմպոզիտոր Արա Դաբանջյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը, դերասան Էրիկ Պողոսյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, պրոդյուսեր Ռոբերտ Գետիկյանը, լրագրող, պատմաբան Վիգեն Չեթերյանը և այլք:
Միջնորդագրի տակ կարող է ստորագրել յուրաքանչյուրը։