Թրամփը Պենտագոնի ղեկավար առաջադրեց, իսկ դեմոկրատները վերահաշվարկ են կատարում

«Մենք պատրաստվում ենք նշանակել Կատաղի Մաթիսին մեր պաշտպանության հաջորդ նախարար»: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է ռազմածովային ուժերի գեներալ Ջեյմս Մաթիսին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

66-ամյա գեներալն իր «կատաղի» անվանումը ստացել էր 2005 թվականին, երբ հայտարարել էր, որ Թալիբանից ազատագրված Աֆղանստանում, որտեղ կանայք այլեւս ստիպված չէին քողի տակ փակել դեմքերը, Թալիբանի զինյալները փորձում էին նեղացնել նրանց՝ իրենց «տղամարդկությունը» ցույց տալու համար: Մաթիսն ասել էր, որ Թալիբանի նման զինյալներին կրակելը զվարճալի է:

2013-ին բանակի ծառայությունն ավարտած Ջեյմս Մաթիսին Պենտագոնի ղեկավար նշանակելու համար Թրամփը պետք է հատուկ թույլատվություն ստանա Սենատից, քանի որ օրենքի համաձայն Միացյալ Նահանգներում պաշտպանության նախարարը պետք է զինվորական ծառայությունից հեռացած լինի առնվազն 7 տարի առաջ:

Գեներալ Մաթիսը զինվորականների շրջանում մեծ հեղինակություն է վայելում: Երբ նրան հարց էին տվել, թե ինչու է հազվադեպ հարցազրույցներ տալիս, նա պատասխանել էր. «Գեներալները չափից մեծ ուշադրության են արժանանում, սակայն, զոհվածների ցուցակներում այնքան էլ շատ գեներալներ չեն լինում: Շարքային զինվորներն են ուշադրության արժանի»:

Մինչ Թրամփը զբաղված է նոր կառավարության ձեւավորմամբ, պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցները վերահաշվարկ են կատարում Վիսքոնսին, Փենսիլվանիա եւ Միչիգան ավանդաբար դեմոկրատներին աջակցող նահանգներում, որտեղ այս ընտրություններին հաղթել էր հանրապետական Թրամփը:

Փորձագետների կարծիքով, վերահաշվարկը որեւէ կերպ չի փոխելու նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն, այն հավանաբար է′լ ավելի կավելացնի Հիլարի Քլինթոնի օգտին տրված ձայների թիվը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին անցած նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը պարտություն է կրել, չնայած, որ ընդհանուր հաշվով ստացել էր ավելի շատ ձայն, քան հաղթանակած թեկնածու Դոնալդ Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս