Զինվորներից մեկը վիրավորվել է գլխից. գնդակն ականջի ետևից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ու դրա հետևանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ տարածվում են հակասական լուրեր:

Պաշտոնական պարզաբանումները ուշացած ու կցկտուր են` կարծես նպատակ հետապնդելով թաքցնել հնարավորին չափ շատ տեղեկություն: Պաշտպանության նախարարի խոսնակը Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի մասին է խոսում և հաստատում, որ խոսքը վերաբերում է Քաջիկ Գրիգորյանին ու Գագիկ Պողոսյանին: Հոսպիտալի պետը դարձյալ երկու նոր վիրավորի մասին է հիշատակում, բայց նշում այլ անուններ` Քաջիկ Բադալյան և Կարապետ Միքայելյան: Վերջիններիս հոսպիտալ տեղափոխվելու ժամկետները նույնպես տարբեր է նշվում:

Մեզ հաջողվեց կապ հաստատել ժամկետային զինծառայող, Մարտակերտում վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանի եղբոր` Արտաշես Միքայելյանի հետ: Նա ասաց, որ հակառակորդի կողմից Կարապետը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Դիպուկահարը նրան վիրավորել է շատ մոտ հեռավորությունից` մոտավորապես 315 մետրից: Վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն, գտնվում է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

«Եղբայրս ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածք: Այդ աշխատանքը չպետք է կատարվեր ցերեկային ժամին: Դիտարկվող տարածքում օրը ցերեկով կատարել են ինժեներական աշխատանք, որը պետք է կատարվեր կա´մ գիշերային ժամերին, կա´մ մառախլապատ եղանակին, որ հակառակորդը չկարողանար դիտարկել: Դա ես գիտեմ, որովհետև ավարտել եմ ոստիկանության ակադեմիան, աշխատել եմ ոստիկանությունում, այնուհետեւ ռազմական ոստիկանությունում` որպես հետաքննիչ»,- փոխանցեց Արտաշես Միքայելյանը: Ավելին, ըստ նրա, եղբայրն ընդհանրապես ինժեներական աշխատանք չպետք է կատարեր, որովհետև եղել է կապավոր: Վիրավոր զինծառայող Կարապետը գիտակցություն ունի, շնչում է ինքնուրույն:

«Գիտակցության է եկել հենց Ստեփանակերտում: Ասեմ, որ թե´ Ստեփանակերտի, թե´ մեր Հայաստանի հոսպիտալների բժիշկները շատ ընտիր բժիշկներ են, շատ մեծ հոգատարությամբ են վերաբերվում մեր հիվանդներին, թե´ եղբորս, թե´ մյուս վիրավորներին, անհապաղ ձեռնարկում են բոլոր, անգամ անհնարին միջոցառումները: Շատ լավ վերաբերմունք են ցույց տալիս»,- ասաց զինծառայողի հարազատը: Կարապետին առաջիկայում անհրաժեշտ են լինելու պլաստիկ վիրահատություններ, որովհետև գնդակն ականջի ետևից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, որը պատկան մարմինները մի քանի օր շարունակ հասարակությունից, փաստորեն, գաղտնի են պահել:

Սևան քաղաքում, որտեղ ապրում է Կարապետն ու նրա ընտանիքը, լուրեր են տարածվում, թե նա վիրավորվել է ծառայակցի գնդակից: Արտաշես Միքայելյանը հերքում է դա` ասելով. «Ես ինքս անձամբ տեսել եմ, թե ինչպիսի սուր անկյան տակ է եղբայրս ստացել վիրավորումը, ու այդտեղ չի կարող հայ զինվորը հետևի կողմից կրակել, որովհետև եթե հայ զինվորը կանգներ եղբորս հետևում, առաջինը ինքը վիրավորում կստանար: Իմ եղբայրն էլ շատ բարի ու շատ լավ ծառայող է եղել, հաստատ գիտեմ, որ հենակետի բոլոր մարտական ընկերների հետ ոչ մի խնդիր չի եղել»:

Ու չնայած Կարապետի կյանքը վտանգվել է այն պատճառով, որ նրան ոչ տեղին ու ոչ ժամանակին հանձնարարություն է տրվել, հարազատները չեն պատրաստվում բողոքել: Արտաշես Միքայելյանը համոզված է, որ դրա կարիքը չկա, որովհետև առանց այդ էլ մեղավորներն անպայման կպատժվեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս