
«Հալեպում թուրքական զորքերի ակտիվությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է». Արաքս Փաշայան

Հալեպի նահանգում թուրքական զորքերի ակտիվությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա կոշտ միջամտություն է Սիրիայի ներքին գործերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը:
«Թուրքիան պատերազմի հենց սկզբից ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան դա չկարողացավ անել, և նրա ծրագիրն այդ մասով ձախողվեց»,- ասաց նա:
Արաքս Փաշայանի խոսքով՝ ներկայում Թուրքիային մտահոգող հիմնական խնդիրը քրդական հարցն է: Հենց քրդական խնդրի լուծմանն էր միտված Սիրիայում իրականացվող Թուրքիաի քաղաքականությունը: Արաբագետը կարծում է, որ ամեն դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կարողանալու են համաձայնության գալ սիրիական հարցում:
«Ի դեպ, չի բացառվում, որ դա լինի քրդական խնդրի հաշվին: Թեև մենք տեսնում ենք Թուրքիայի կոշտ մոտեցումները, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև անպայման լինելու է փոխհամաձայնություն: Դա էլ կասեցնելու է Թուրքիայի հետագա առաջխաղացումը»,- ասաց Արաքս Փաշայանը:
Այն հարցին, թե Թուրքիան տարածքային նկրտումնե՞ր ունի արդյոք, թե՞ շեշտը դրվում է քրդական խնդրի վրա, Արաքս Փաշայանը նշեց, որ դժվար է ասել: Ամեն դեպքում Թուրքիայի համար այսօր թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, դրան առնչվող բուֆերային գոտու ստեղծումը, որով կկարողանա քրդական շարժման առաջխաղացումը կասեցնել: