«Թող, որ հարևանների միջև լինեն լավ ճանապարհներ, այլ ոչ թե խրամատներ». Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հղել Բաքվից
Նոյեմբերի 30-ին Բաքվում՝ Հեյդար Ալիևի պալատում, տեղի է ունեցել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը, հայտնում է haqqin.az պորտալը։
Լինելով Instagram-ի ակտիվ օգտատեր՝ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպման համար։ «Բարի առավոտ հիանալի Բաքու քաղաքից, Կասպից ծովի ափից։ Երեկ այստեղ թեժ էր, ուրախ։ Երախտապարտ եմ նրանց, ովքեր մասնակցեցին համերգին՝ հանդիսատեսին, անվտանգության աշխատակիցներին, երաժիշտներին, անձնակազմին և երեխաներին, որոնց երեկ այցելել ենք… Ես սիրում եմ ձեզ և հպարտանում ձեզանով, և թող, որ հարևանների միջև լինեն լավ ճանապարհներ, այլ ոչ թե խրամատներ»,- ասել է երգիչը։
Հիշեցնենք, որ Բաքվում ելույթ ունենալու երգչի մտադրությունը բուռն քննարկումներ էր առաջացրել համացանցի ադրբեջանական տիրույթում։ Նրա դեմ արշավ էր սկսվել՝ պահանջելով ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելության ու համերգի համար։
Երգչի՝ Բաքու այցին ընդդիմացել էին ադրբեջանցի որոշ արվեստի գործիչներ։
Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան: Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարել էր ոչ տղամարդկային քայլ։