Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ նշելով, որ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Քրեական գործից այլ մանրամասներ չհաղորդեցին։
Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ:
Ըստ ՀՔԾ-ի՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ: