«Որևէ մեկը կարո՞ղ է պատասխան տալ մեր երեխաների արցունքների համար, որ ամեն օր արթնանում ու լսում ենք՝ ո՞ւր են մեր հայրիկները». Սարի թաղի բնակիչ

Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ քրեական գործը թեև ուղարկվել է դատարան, սակայն գործով արդեն 6-րդ դատական նիստն է հետաձգվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը։ Նրա խոսքով՝ ամուսինը, գիտակցելով, որ մեղք չի ունեցել, ինքնակամ ներկայացել է բաժին, ապա իրեն զանգահարել և ասել են, որ առավոտյան ամուսնու հագուստները ներկայացնի Քննչական կոմիտե։

«Ինձ գործում ընդգրկեցին՝ որպես վկա։ Ես տեղյակ չեմ եղել, նույնիսկ դեպքի վայրում չեմ եղել։ Ինձ անհայտ մնաց, թե ինչպես նա ինձ ներգրավեց գործում՝ որպես վկա։ Այդ գործում բազմաթիվ բացթողումներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ։ Գործում չկա փորձագետի եզրակացություն. բազմաթիվ հարվածներ են եղել նրա գլխին, մարմնի հատվածներին, բայց փորձաքննություն չի անցել, չի կատարվել առերեսում։ Ոստիկանները ցուցմունք չեն տվել տղաների դեմ, բայց երրորդ ամիսն է՝ նա անազատության մեջ է ապօրինի»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը։

Նրա խոսքով՝ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ամուսնուն անհապաղ ազատ արձակելու մասին՝ վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, սակայն դատարանն անհիմն մերժել է այն։ Լալա Բեռնեցյանի խոսքով՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Նա նշեց, որ շատ լավ տեսանյութեր կան, որոնք բնութագրում են իշխանության ներկայացուցիչների գործողությունները, սակայն դրանք որպես ապացույց չեն կցվել քրեական գործին։ Նա ասաց նաև, որ ամուսինն ունի առողջական խնդիրներ՝ ողնաշարի, սրտի և ճնշման հետ կապված։

Թորոս Թորոսյանը՝ Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը, նշեց, որ դեպքի օրը միջադեպ է եղել ոստիկանների հետ, որի արդյունքում, ըստ նրա, ոստիկանները թեթևակի քերծվածքներ են ստացել. այսօր արդեն 9 տղա կալանավորած է, 3-4 հոգի հետախուզման մեջ է։ «Ես գտնում եմ, որ նրանց իրավունքները ոտնահարված են միանշանակ»,- ասաց նա՝ նշելով, որ դատական նիստը մեկը մյուսի ետևից հետաձգվում է: Նա ցանկանում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուշադրությունը հրավիրել դատավորի գործողություններին.

Կարդացեք նաև

«Ժամը 4-ին նիստ է լինում, մի հարց են տալիս դատավորին, դատավորը գնում է մտածելու՝ 1 ժամ ու կես, գալիս է 6-ին 5 պակաս, ասում է՝ մերժում ենք, առանց բացատրելու, ու դատը հետաձգվում է էլի մի ամիս։ Եթե գոնե 2-3 անգամ լիարժեք նիստ արվի, կպարզվի՝ այդ տղաները մեղավո՞ր են, թե՞ ոչ։ Վերջիվերջո, կա սև և սպիտակով տեսանյութ, որտեղ երևում են թե ոստիկանների գործողությունները, թե տղաների գործողությունները, թե տղաների պահանջները՝ ինչու են բարձրաձայնել իրենց պահանջները, ինչպես է այդ ամբողջ կռիվը եղել։ Սկզբում ոստիկանները քիչ են եղել, ջան-ջիգյարով խոսել են, հետո օգնություն է եկել ներքևից՝ իրենց ստորաբաժանումներից, ու կռիվը սկսվել է։ Այդ ամբողջը ֆիքսված է տեսանյութով, բայց չգիտես՝ ինչու, դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Ես շատ կուզենայի, որ մեր նախարարը կալանավորված լիներ կեղծ մեղադրանքով ու նույն ձևով ամիսներ շարունակ սպասեր, թե ինչպես է դատը լինելու, և երբ են իրեն արդարացնելու։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում,- ասաց նա՝ նշելով,- Այդ դատը «Քարե դարդի» նման մի սերիալ է։ Գնում ենք, նստում ենք այնտեղ ժամերով, դատավորը գալիս է, երկու բառ ասում, թողնում-գնում»։ Ի պատասխան հարցին՝ նա ասաց, որ եղբայրն ընդամենը մի քար է նետել, սակայն «ոստիկանները որևիցե վնասվածք, քերծվածքից բացի, չեն ստացել»։

Նարինե Ղազարյանը՝ Սարի թաղի բնակիչ Հրաչ Բոյաջյանի կինը, ասաց, որ իրեն թվում է՝ տղաների նկատմամբ անհատական վրեժխնդրություն է դրսևորվում։ Ըստ նրա՝ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 24-ը, քանի որ ավելի վաղ նշանակված նիստի մասին պաշտպանը ծանուցված չի եղել և չի կարողացել ներկայանալ դատարան։ «Որևէ մեկը կարո՞ղ է պատասխան տալ մեր երեխաների արցունքների համար, որ ամեն օր արթնանում ու լսում ենք՝ ո՞ւր են մեր հայրիկները։ Չէ՞ որ մենք էլ ենք մարդ, ծնողներ ենք, այդ խիղճը մեր մեջ կա, չենք կարողանում պատասխանել, թե որտեղ են իրենց հայրիկները»,- ասաց նա։

Անուշ Հովհաննիսյանը՝ Սարի թաղի բնակիչ Արման Ադամյանի մայրը, ասաց, որ սոցիալական ծանր վիճակում են գտնվում։ Ըստ նրա՝ դեպքի օրը հարձակվել են որդու վրա, նա էլ քար է նետել։ «Ոչ մի ակնկալիք չունենք»,- ասաց նա։ Լալա Բեռնեցյանն ասաց, որ շարունակելու են պաքարել, որպեսզի ընտանիքի անդամներն իրենց կողքին լինեն Ամանորին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս