
«Եթե անգամ ՀՀ վարչապետը չլինի Կարեն Կարապետյանը, այլ լինի Չերչիլը, մեկ է՝ այդ խնդիրները կարճ ժամանակահատվածում չեն լուծվելու». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ամեն ինչ ընթանում է իր հունով, որևէ արտառոց բան չի կատարվում.
«Ընթացքը նախընտրական է, հետճգնաժամային. նկատի ունեմ ապրիլյան և հուլիսյան իրադարձությունները: Փոխվել է Սահմանադրությունը, պատրաստվում են ընտրություններին, ու այն, ինչ անում են հանրապետականները, քիչ թե շատ հասկանալի է. դա կոչվում է PR»:
Ըստ քաղաքագետի՝ Կարեն Կարապետյանի անդամակցությունն էլ Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) արտառոց չէր.
«Այդպես էլ պետք է լիներ: Այն բոլոր խնդիրները, որ ծառացած են Հայաստանի առջև, 5-6 ամսում լուծել հնարավոր չէ: Դրանց լուծման համար տարիներ են հարկավոր: Ինչ-որ բան պետք է անել 5-6 ամսում, որպեսզի հաղթես ընտրություններում: Դրա համար ասում են ճշմարիտ խոսքեր, նոր մարդկանց են բերում ու ընդհանուր առմամբ ստացվում է, որ էլիտայի նկատմամբ ամռանը եղած լարվածությունը մեղմվել է: Կան ինչ-որ հույսեր մարդկանց մեջ, որը լավ է իշխող կուսակցության համար, բայց լինելու է հուսախաբությունը: Եթե անգամ Հայաստանի վարչապետը չլինի Կարեն Կարապետյանը, այլ լինի Չերչիլը, մեկ է՝ այդ խնդիրները կարճ ժամանակահատվածում չեն լուծվելու: Դրա համար հանրությունը հուսախաբվելու է»: