Երևանում տեղակայված, 175 հազար դոլարով գնված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլև գարշահոտ է տարածում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Երեկ «ՀԺ»-ն արձանագրեց, որ Երևանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաև վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում:
Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության: Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման ձևի և շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից»:
Լուսանկարը՝ թերթի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։