
«2016թ. կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը». Սերգեյ Ավետիսյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ: