«Պատգամավորի իրավունքները պետք է ավելանան, բայց արի ու տես՝ պակասել են». Գագիկ Ջհանգիրյան
«Սա շատ հանգուցային օրենք է, գերկարևոր օրենք է, պառլամենտական համակարգ ունեցող երկրի համար Սահմանադրությունից հետո երկրորդ օրենքն է, ու ես ցավ եմ ապրում, որ մենք այս կարևորագույն փաստաթուղթը քննարկում ենք մի տեսակ հոգնած, կիսադատարկ դահլիճում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
Նրա խոսքով՝ իրենք ԱԺ մարմիններ են թվարկում՝ պատգամավոր, հանձնաժողով, խմբակցություն. «Այսօրվա կանոնակարգը կիսանախագահական համակարգ ունեցող Ազգային ժողովի կանոնակարգ է, և այդ կանոնակարգը պատգամավորի համար նախատեսել է X իրավունքներ։ Մենք անցում ենք կատարում պառլամենտական կառավարման համակարգի, և այդ X-ը պետք է անպայման լինի գումարած Y։ Սա առաջնային մարմինն է, ու պատգամավորի իրավունքները պետք է ավելանան, բայց արի ու տես՝ պակասել են»։
Ըստ Գ. Ջհանգիրյանի՝ կարևորագույն իրավունքից են զրկել պատգամավորին. խոսքը վերաբերում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու և նրանցից նյութեր, փաստաթղթեր ու տեղեկանքներ պահանջելու իրավունքին. «Ժողովուրդ ջան, ո՞նց կարելի է, սա կառավարության անդամին բանավոր դիմելու մասին չէ, չէ՞ որ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում ոչ թե կառավարության գործունեության նկատամամբ, այլև գործադիր իշխանության»։
Գ. Ջհանգիրյանը նկատեց, որ ահագին լավ բաներ են արել այս նախագծով, սա էապես տարբեր է այն նախագծից, որն իրենց բաժանված էր սկզբում. «Օրենսդրական ամբողջ գործունեության ընթացքն իմ կարծիքով՝ լուրջ բարելավված է։ Հանձնաժողովն է դարձել այն մարմինը, որը պետք է մանրակրկիտ օրենսդրական աշխատանք կատարի։ Դա շատ լավ է։ Վերահսկողական մեխանիզմները կաղում են երկու ոտքից։ Սահմանադրության մեջ ասում ենք, որ հիմնական վերահսկող մարմինը հանձնաժողովն է, բայց հիմա արեք-տեսեք՝ հանձնաժողովին խորհրդարանական վերահսկողության ինչ լծակներ ենք տվել։ Սահմանված չէ անգամ, թե խորհրդարանական վերահսկողությունն ինչ բան է»։