«Միացնում եմ հեռուստացույցը՝ ամբողջ «Հ2»-ը Տիգրան Ուրիխանյանն է՝ իր բնակարանով, իր ընտանիքով. ի՞նչ է կատարվում, ես չեմ հասկանում». Վահրամ Բաղդասարյան
«Ելույթներից երևում է, որ լուրջ հակասություններ չկան նախագծի շուրջ, պարզապես նախընտրական կրքեր են»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա համաձայնեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, որ պետք չէ անդրադառնալ անցյալին.
«Բայց կան տերմիններ, որոնք եղել են ձեր լեքսիկոնի մեջ, և այստեղ մեր երեկվա հռետորներից մեկը փորձում է վերագրել ներկայիս իշխանությանը։ Օրինակ, «կրոնը պետք է ընդունել», դուք շատ լավ տեղյակ եք, որ դա հանգուցյալ տեր Հուսիկի լեքսիկոնն էր, որ, եթե հանկարծ որևէ մեկը որևէ հարցով խոսում էր, ասում էր՝ սուրբ կրոնը պետք է ընդունես, այսինքն՝ պետք է ընդգրկվես ՀՀՇ-ի մեջ, նոր ես սկսեմ խոսել ձեզ հետ։ Այդ լեքսիկոնը պետք չէ վերագրել մեզ, դա եղել է ձեր լեքսիկոնը»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրացված կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ Վ. Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ այստեղ կարծես թե հովանավորներ են փնտրում որոշ քաղաքական գործիչներ, նորաստեղծ կուսակցություններ։
«Եթե դուք չունեք այդ ֆինանսավորումը, որտեղի՞ց եք այդ ծախսերը կատարում։ Այդ ի՞նչ ֆինանսավորման աղբյուրներ են, որ կարողանում եք կուսակցություն ստեղծել, լայնածավալ աշխատանք անել ու ասել, որ այստեղից միայն ՀՀԿ-ին են ֆինանսավորում, այստեղից պետք չէ հովանավորներ փնտրել կամ մուրալ փողեր։ Այնպես որ, յուրաքանչյուրդ ունեք ձեր ֆինանսավորման աղբյուրները, և պետք չէ այստեղից ապատեղեկատվություններ տալ»,- հայտարարեց ՀՀԿ ղեկավարը։
Նա անդրադարձավ նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթին , որում նա բողոքում էր, որ ՀՀԿ համագումարն ամբողջությամբ մի քանի հեռուստաալիքներով ցուցադրվել է, այն դեպքում, երբ իրենց ելույթներն անգամ Հանրային հեռուստաընկերությունը չի ցուցադրում։
«Դուք հիշո՞ւմ եք՝ 10-15 տարի առաջ որևէ ընդդիմադիր գործիչ կարողանար երևալ Հանրայինի կամ «Արմենիայի» եթերում։ Այսօր ամբողջ լրատվական դաշտը ողողված է ընդդիմադիր գործիչներով, որ ալիքը միացնում ես՝ բոլորը վերագրվում են ընդդիմադիր գործիչների ելույթներին։
Տիգրան Ուրիխանյանն ասում էր՝ ինձ չեն ցուցադրում, հաջորդ օրը միացնում եմ հեռուստացույցը՝ ամբողջ «Հ2»-ը Տիգրան Ուրիխանյանն է՝ իր բնակարանով, իր ընտանիքով, զարմանում եմ, որ այս հեռուստաընկերությունները պրովոկացիայի են ենթարկվում։ Ի՞նչ է կատարվում, ես չեմ հասկանում»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը։
Նա նաև խոսեց Է. Մարուքյանի կողմից հնչեցված՝ Վանաձորի և Գյումրիի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունների մասին.
«Անընդհատ թմբկահարում են Վանաձորի և Գյումրիի ընտրությունները։ Ես զարմանում եմ, բայց մեր երիտասարդ գործընկերոջը բավականին գնահատական եմ տալիս։ Նախընտրական փուլում երկու կայացած կուսակցությունների «պլեն» է վերցրել էդ մարդը՝ իր պրովոկացիաներով, շանտաժով, ես զարմանում եմ՝ այս կայացած քաղաքական ուժերն ինչպե՞ս են այդ պրովոկացիաներին ենթարկվում»։