«Մե՞զ եք վերահսկում, վերահսկեք ավտոմատով մարդկանց, ովքեր օրը ցերեկով Ոստիկանության ՊՊԾ գունդ են գրավում». Էդմոն Մարուքյան
«Շատ հետաքրքիր է պարոն Շարմազանովից հետո ելույթ ունենալը, երբ նա մաղթում է ընդդիմադիրներին, ինչպես ՀՀԿ-ն մեկ գիշերում 7000 անդամ ունեցավ, ընդդիմադիր կուսակցություններն էլ 20 հազար անդամ ունենան. լավ մաղթանք է, բայց եկեք իրականությունից խոսենք»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորին շատ զարմացրեց այն, որ իր գործընկերներին հետաքրքրում է Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների թիվը. «Որևէ մեկին չի խանգարում, չէ՞, այդ 79 կնիքն ու կանոնադրությունը»։
Նա հայտարարեց, որ ինքը լիբերալ մոտեցման կողմնակիցն է, որ պետք է թողնել դաշտն ազատական, կուսակցություններն իրենց հունով գնան հզորացման կամ լուծարման։ Է. Մարուքյանը համաձայն չէ, որ ՀՀ քաղաքական համակարգի խնդիրն այն կուսակցություններն են, որոնք գրանցված են, բայց չեն գործում։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական համակարգի խնդիրը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանող մոտեցումներն են, քաղաքական մոնոպոլիայի հզորացումն է, և, նրա կարծիքով՝ դրա մասին պետք է խոսել։
«Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականիզացիան է, որ այդ ընկերությունները դառնում են ՀՀԿ-ի մասնաճյուղերը, և դա է պատճառը, որ մի գիշերվա մեջ 7000 մարդ կարող են դառնալ մի կուսակցության անդամ։ Եվ այստեղ ընդդիմությանն ասել՝ մի 20 հազար էլ ձեզ ենք կամենում, որտեղի՞ց պետք է 20 հազար մարդ գնա դառնա ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ։ Հավասար պայմանների մասին է խոսվում։ ՀՀԿ-ի համագումարն ամբողջությամբ՝ ելույթներով-բանով, լուսաբանվում է Հանրային հեռուստաընկերությամբ, որևէ այլ կուսակցության ելույթները լուսաբանվո՞ւմ են Հանրային հեռուստաընկերությամբ, ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթերով։ Չկա նման բան, սա՞ է հավասար պայմանները»,- հայտարարեց Է. Մարուքյանը։
Ըստ նրա՝ այս ամեն ինչը շատ վատ տեղ է տանում, որը կոչվում է միահեծան, մոնոպոլ քաղաքական համակարգի ձևավորում, որը չի կարող որևէ զարգացման նպաստել. «Խնդիրն այն է, որ, երբ մենք գնում ենք ինչ-որ մարզ, հանդիպում ենք անում՝ որպես քաղաքական ուժ, մեզանից հետո ինչ-որ մարդիկ, չգիտեմ՝ որ ծառայության ներկայացուցիչներ, գնում են, հարցնում են՝ ի՞նչ էին ասում, ինչո՞ւ էին եկել, ո՞ւմ հետ հանդիպեցին, ի՞նչ էին առաջարկում… Չհասկացա, Հայաստանում քաղաքական գործունեությունը վերահսկվո՞ւմ է, մե՞զ եք վերահսկում, վերահսկեք ավտոմատով մարդկանց, ովքեր օրը ցերեկով Ոստիկանության ՊՊԾ գունդ են գրավում»։
Է. Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանական կառավարման մոդել է ներդրվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը մասնակցում են, հուշագիր են ստորագրում, որոշում են հուշագրով որոշակի գործողություններ իրականացնել, հետո տեղի են ունենում ճնշումներ, մանդատագողություն, որի արդյունքում մի քաղաք գերի է մնացել մի կուսակցության ձեռքին, որը չի կարողանում ոչ նիստեր գումարի, ոչ էլ քաղաքը կառավարի։
«Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես կա, մենք իրապես շատ լուրջ խնդիր կունենանք, մնացած կուսակցություններով էլ կհավաքվենք, դիմումներ կգրենք, կտանենք Արդարադատության նախարարությունում կլուծարենք մեր կուսակցությունները, ու թող մնա միակ ՀՀԿ-ն, Հ1-ով թող ամբողջ օրը ցույց տան, համերգներ արեք, թող երգիչները երգեն, ասեք՝ ամեն ինչ լավ է, դուք չեք տեսնում։ Սիրելի գործընկերներ, անպայման ուսումնասիրեք ՀՀԿ-ի գույքի հայտարարագիրը, նայեք՝ ինչքան գույք ունի, տեսեք, որ դուք 600 տարի էլ կուսակցություն լինեք ՀՀ-ում, կարո՞ղ եք այդքան գույք կուտակել ձեր կուսակցության համար»,- հայտարարեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ օրենքը լավն է, լիբերալ է, օրենքի հետ կապված խնդիր չկա։
Պատգամավորի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ նրա ելույթին՝ ասելով. «Հասկանալի է, ազատ ամբիոն է, ամեն ինչ կարող եք ասել, բայց Աստված սիրեք, մի քիչ արդարամիտ եղեք, վերջը սահման ունի ամեն ինչ։ Էդ հեռուստատեսությունը բոլորը նայում են, միայն դուք չեք։ Բոլոր լուրերին և մնացած հաղորդումներին բոլորը դուք եք, որևէ մեկն իշխանականներից չկա, էն ասիտիճանի, որ ընտրությունների ժամանակ մոնիտորինգն էլ է դա ցույց տալիս, հետընտրական ժամանակներում ևս՝ և՛ Հանրայինը, և՛ մնացած բոլորը։ Պարոն Մարուքյան ջան, Հանրապետականը 25 տարվա ընթացքում է այդ գույքը ստեղծել, դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք, հետո կստեղծեք։ Կամ ի՞նչ պարտադրանքի մասին եք խոսում, 1000 մարդու կարելի՞ է պարտադրել։ Սահման կա, հասկացանք, ասեցիր ու գնացիր, ապրես»։