«Ժողովուրդը պետք է անընդհատ պահանջներ դնի իշխանության առջև». Գագիկ Մելիքյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է, Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել, աղքատությունը կրճատվել է: «ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ զրուցել ենք այս հակասության և ընթացիկ քաղաքական կյանքի այլ հարցերի շուրջ:

– Պարոն Մելիքյան, ինչո՞վ բացատրել երկու վարչապետների և նախագահ Սարգսյանի գնահատականների հակասությունը:

– Իմ կարծիքով` երեք տարբեր հարցեր են, որոնք չի կարելի խառնել իրար, տնտեսապես էլ դրանք չի կարելի համադրել, քանի որ տարբեր ժամանակների է վերաբերում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ 2007-16թթ. ընթացքում 30% և ավելի տնտեսական աճ ունենք: Դա միանշանակ այդպես է, իրոք, տնտեսական աճ կա, և դա ամբողջությամբ տեսանելի է: 2007թ. և 2016 թ. ընդհանրապես համեմատելի չեն: Իրոք, տնտեսական աճ կա, բայց ասել, որ դա բավարարում է մեզ, չի կարելի:

Նախագահն էլ ասաց, որ անելիքներ շատ կան, հատկապես` ժողովրդի մեջ աղքատության աստիճանը նվազեցնելու առումով, և բավականին լուրջ անելիքներ ունենք սոցիալական վիճակի բարելավման առումով: Եվ մենք պետք է անենք ավելին` իրոք առաջանցիկ աճ ունենալու համար:

Տարբեր երկրների հետ համեմատության դեպքում կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունն այդ ժամանակահատվածում շատ ավելի բարձր տնտեսական աճ է ապահովել, քան այլ երկրները, որոնք, չէի ասի, որ նույնիսկ նույն իրավիճակում են գտնվում, որովհետև ես նման երկրներ չեմ էլ տեսնում` երկիր, որ իր անկախության օրվանից մինչև հիմա պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ է, ճանապարհները խիստ դժվարին են, շատ հաճախ նույնիսկ փակվում են տարբեր պատճառներով, և նման իրավիճակում ապահովել տնտեսական աճ, իրոք, լուրջ աշխատանքի հետևանք է:

Կարծում եմ, որ իրոք, աշխատանքները շատ ավելի լուրջ հիմքերի վրա պետք է դնել` հետագայում տնտեսական աճ և տնտեսական արդյունավետություն ապահովելու համար: Այն քայլերը, որ արվել են նախորդ վարչապետի ժամանակ, որոշակի արդյունքներ ապահովել են, բայց կարծում եմ, որ դրանք նույնպես բավարար չեն: Կարծում եմ, որ գլոբալ աշխարհում իրավիճակը բարդացել է: Նայենք մեր շուրջը, թե ինչեր են տեղի ունենում, ինչ իրավիճակում ենք մենք գտնվում:

Պատերազմական դրությունը ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը,  ապրիլյան դեպքերը մեզ ապացուցեցին ևս մեկ անգամ, որ մենք պատերազմական իրավիճակում ենք և կանք, նույնիսկ ավելի դժվարին իրավիճակում ենք գտնվում:

Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող գործընթացները` պայքարը ստվերի, մենաշնորհների դեմ, տարբեր հաշվարկների փոփոխություններով, ինչպես նաև իրական տնտեսական վիճակն ավելի առարկայական տեսնելով, նման հայտարարություն արվեց, և կարծում եմ՝ այն հիմք հանդիսացավ, որ ավելի կտրուկ ու հստակ միջոցների գնա պարոն Կարապետյանի կառավարությունը` տնտեսական աճ ունենալու առումով: Ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կտեսնենք արդյունավետ կառավարման միջոցների ընտրության հետևանքները, և կարծում եմ, որ տնտեսական աճ այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, չնայած այսպիսի դժվարին իրավիճակի:

Իսկ բարձր աճի ակնկալիքներ ունենալը ճիշտ չի լինի, որովհետև տնտեսությունը շատ դանդաղ է արձագանքում նման քայլերին: Եվ շատ պետք է կարևորել ներդրումային դաշտի ապահովման համար իրականացվող քայլերը, որոնցից հիմնականում կնշեի հարկաբյուջետային և մաքսային քաղաքականության ավելի մեղմացումը, որը կբերի կոնկրետ ներդրումային դաշտի համար ավելի նպաստավոր իրավիճակի, և արդյունավետ կառավարման մեթոդների ընտրությունը, արդարության հաստատումը, վստահության վերականգնումը`սրանք այն միջոցներն են, որոնց մասին ՀՀԿ համագումարում հնչեցրեց Սերժ Սարգսյանը, և որոնք կնպաստեն ժողովրդի վիճակի բարելավմանն ու աղքատության նվազմանը:

– 2007թ.-ից հետո տնտեսական կուտակային աճը ներկայացնում եք դրամով, մինչդեռ դոլարային արտահայտությամբ հաշվելիս՝ ստացվում է, որ տնտեսությունը չի աճել և, ինչպես 2007-ին է ՀՆԱ-ն եղել մոտ 11 մլրդ դոլար, այդպես էլ 2015-ին կրկին շուրջ 11 մլրդ էր:

– Տնտեսությունն աճել է, և նախ՝ դոլարն էլ, այնպես չի, որ չի արժեզրկվել: Ես չեմ կարծում, որ համեմատության եզրեր պետք է տեսնել: Նախ` մեր տնտեսությունը դրամային արտահայտությամբ է, մեր բյուջեն դրամով է ձևավորվում, կարելի է Համաշխարհային բանկի տվյալները վերցնել, բայց նրանք էլ շատ ավելի բարձր տնտեսական աճ են արձանագրել, քան հնչեցրեց նախագահ Սարգսյանը: Սակայն, ամեն դեպքում, մեզ մոտ դրամային արտահայտությամբ, նաև գնաճի երևույթը հաշվի առնելով, տնտեսական աճ ապահովել ենք: Դոլարայինը մի փոքր դանդաղ է, քան դրամայինը, բայց նույնպես աճն ապահովվել է, դա են ապացուցում նաև ՀԲ տվյալները:

– Այդ դեպքում մարդիկ ինչո՞ւ չեն զգում կենսամակարդակի բարձրացում:

– Ասել, որ չեն զգում, այդպես չէ: Նախագահն իր խոսքում նաև հնչեցրեց, որ կենսամակարդակի բարձրացումը պահանջում է շատ ավելի լուրջ աշխատանք իրականացնել: Այն, ինչ արվում է, և մարդիկ տեսնում են, դա սովորական է դառնում նրանց համար, և ես չեմ կարծում, որ երբևէ պետք է սպասել, որ մարդկանց կողմից ներկայացվող պահանջները պետք է նվազեն: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մարդկանց կողմից կենսամակարդակի պահանջները պետք է անընդհատ աճեն, որովհետև դա կարող է լինել միայն տնտեսական աճի ապահովման հիմնական խթան:

Եթե պահանջները դադարեն, տնտեսությունն այլևս չի կարող աճել: Ես  համոզված եմ, որ այն պահանջները, որ ներկայացվում էին 2007 թ., և այն պահանջները, որ ներկայացվում էին 2016-ին, իրար հետ որևէ աղերս չէին կարող ունենալ: Եվ տա Աստված, որ 2017թ. կենսամակարդակի բարձրացման պահանջները շատ ավելի տարբեր լինեն 2016-ից: Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ որոշ խնդիրներ արդեն լուծել ենք, և այդ պահանջը հանրության կողմից այլևս գոյություն չունի: Ժողովուրդը պետք է անընդհատ պահանջներ դնի իշխանության առջև, և իշխանություններն էլ պետք է անընդհատ չարչարվեն, որ ժողովրդի կողմից դրված նոր պահանջներն իրականացնեն: Դա կապահովվի միայն տնտեսական աճով:

Տեսանյութեր

Լրահոս