Արցախի իշխանությունները ձեռնարկում են Թալիշ վերադարձող գյուղացիների անվտանգությունն ապահովելու միջոցներ
Թալիշի վերականգնման արդեն մեկնարկած ծրագրի իրականացման ուղղությամբ բուռն գործունեություն կծավալի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այս մասին նշել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կայացվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով թալիշցիների կարծիքը:
«Ալաշանում հաստատված թալիշցիների հետ հանդիպումների ժամանակ հանրապետության իշխանությունների կողմից առաջարկ է եղել, որ նրանք վերադառնան իրենց գյուղ: Այս առումով տրվել են որոշակի անվտանգության երաշխիքներ, և արդեն 1012 հոգի տեղափոխվել են հարազատ գյուղ ու բնակվում են այնտեղ»,- ասել է Կ. Շահրամանյանը:
Անդրադառնալով գյուղում արդեն կատարված աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ Թալիշում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները: «Խոսքը վերաբերում է էլեկտրականությանը, ջրամատակարարմանը, գիշերային լուսավորությանը: Սկսել ենք գյուղի նոր դպրոցի և հանդիսություների տան վերակառուցման և մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքները: Շինարարների համար ստեղծվելու են բոլոր պայմանները, որպեսզի մեծ թափով շարունակվեն վերակառուցման աշխատանքները:
Նախատեսում ենք դպրոցն և մանկապարտեզը շահագործման հանձնել սեպտեմբերի մեկից: Թալիշ վերադարձողների համար կկառուցենք նոր բնակելի տներ կամ հիմնովին կվերակառուցվեն հները»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը և հավելել, որ գյուղին նոր շունչ կհաղորդվի:
«Արդյո՞ք ապահով է Թալիշում բնակություն հաստատելը» հարցին ի պատասխան ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ասել է, որ Մատաղիս գյուղն ու Մարտակերտ քաղաքն էլ նույն կարգավիճակում են գտնվում, սահմանից նույն հեռավորության վրա են, բայց մարդիկ այնտեղ ապրում են: «Այն շինությունները, որոնք կառուցում ու վերակառուցում ենք, գտնվում են գյուղի համեմատաբար անվտանգ ու ապահով գոտում: Իսկ անվտանգ ապրելու համար մենք այլ միջոցներ էլ ենք ձեռնարկում»,- ասել է քաղաքաշինության նախարարը:
Կ. Շահրամանյանի խոսքով, Թալիշի վերականգնմանը զուգահեռ՝ Ալաշանում կշարունակվի ժամանակավոր բնակավայրին հատուկ պայմանների ստեղծումը, սակայն հիմնական ներդրումներն ուղղվելու են Թալիշին: