ԿԲ-ն 2016 թվականի համար կանխատեսում է 1.3-1.8% տնտեսական աճ
ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում կդիտվեն թույլ գնաճային զարգացումներ։ Այս մասին նշվում է
ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր IV եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2016թ. III եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։
Ռուսաստանի տնտեսության նվազման տեմպերի դանդաղման պարագայում տարվա ընթացքում ակնկալվում է սեզոնային աշխատողների փոխանցումների և մասնավոր տրանսֆերտների նվազման տեմպերի էական դանդաղում, սակայն դրա ազդեցությունը ներքին պահանջարկի, հետևաբար և մասնավոր սպառման վերականգնման վրա կչեզոքացվի սպասվող ՀՀ տնտեսական ցածր աճի ազդեցությամբ։
Այս պարագայում, ԿԲ-ն 2016 թվականի համար կանխատեսում է մասնավոր սպառման շուրջ 0.8% աճ և մասնավոր ներդրումների մոտ 3.5% նվազում։ Սպառման աճը տեղի կունենա հիմնականում ի հաշիվ 2015 թվականից վարվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության, 2016 թվականին Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության և տնտեսությունում առկա գնանկումային միջավայրի։
Ներդրումների նվազումը պայմանավորված կլինի շինարարության ճյուղի ցածր ակտիվությամբ։
Այս զարգացումների ներքո՝ ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թվականի տնտեսական աճը գնահատում է 1.3-1.8% միջակայքում։
Հիշեցնենք, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 2.2% տնտեսական աճի կանխատեսում։ Իսկ պաշտոնական վիճակագրության վերջին զեկույցի համաձայն՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է ընդամենը 0.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։