«Հայ-թուրքական փակ սահմանները մշտապես եղել են ԵՄ ուշադրության կենտրոնում». Թուրք վերլուծաբան

«Հայ-թուրքական հարաբերությունները ևս նպաստել են Եվրախորհրդարանի որոշմանը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիա-ԵՄ բանակցությունների կասեցմանն ու հայ-թուրքական հարաբերություններին։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը:

Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթաժողովի ժամանակ:

Աքթարն ասաց, որ Եվրախորհրդարանն ուշացած որոշում  է կայացրել, քանի որ Թուրքիան երբեք էլ չի համապատասխանել Եվրոպական միության չափանիշներին քաղաքականապես: Աքթարն ասաց, որ Թուրքիայի ընդդիմությունը պատժամիջոցներ էր ակնկալում Արևմուտքից Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, որոնք երկիրը տանում են հակաժողովրդավարական ճանապարհով:

«Կարծես թե, Թուրքիայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումները սթափեցրին Արևմուտքին:

Ներկայումս ևս կարծում եմ, որ սա բավարար քայլ չէ, քանի որ Թուրքիայի իշխանություններին ԵՄ անդամակցության հեռանկարի զրոյացումն այդքան էլ ցավոտ չեն ընկալում, ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հասցրել է ահաբեկել ԵՄ-ին՝ սպառնալով բացել փախստականների համար սահմանը, ինչը սարսափեցնում  է Եվրոպական միությանը: Ու չի բացառվում, որ այս սպառնալիքի հետևանքով դեկտեմբերին այս որոշումը չեղարկվի Եվրախորհրդարանի կողմից, քանի որ ԵՄ-ն այլևս չի կարողանում դիմակայել այդ ճգնաժամին»,- ասաց Աքթարը:

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականությունը որքանով է նպաստել Եվրախորհրդարանի այդ որոշմանը, թուրք վերլուծաբանն ասաց, որ ԵՄ-ն հայ-թուրքական սահմանը չբացելու Թուրքիայի քաղաքականությունը դիտարկում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության համատեքստում: Ըստ նրա՝ ասել, որ սա կենտրոնական նշանակություն է ունեցել, սխալ կլինի, քանի որ այդ խնդիրը գոյություն է ունեցել վաղուց:

«Այդ խնդիրը եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, ինչն արտահայտվել է նրանց հայտարարություններում, որ Եվրոպայում փակ սահմաններ չպետք է լինեն: Այդ ընթացքում եղել են բանակցություններ, թեև սահմանի բացումը եղել է նախապայման: Իսկ այսօր  Թուրքիայի վարած քաղաքականությունը բոլոր ուղղություններով ԵՄ-ին ավելի կոշտ միջոցների է մղում, և այստեղ ելքը շատ ավելի կոպիտ նախաձեռնություններն են»,- նման տեսակետ հայտնեց Աքթարը:

Տեսանյութեր

Լրահոս