
«1915 թվականին հայերի դեմ կատարվածը հանցագործություն է, որին ոչ մի արդարացում չկա». Պետդումայի փոխխոսնակ

Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գլխավորած պատվիարկությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ պատվիրակության անդամներին ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության, հուշահամալիրի ստեղծ ան պատմությունը: Ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի մոտ` պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Սերգեյ Ժելեզնյակը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ամեն անգամ այցելության ժամանակ մեծ ցավ է ապրում:
«Ամեն անգամ այցելության ժամանակ սիրտս կծկվում է ` կապված այն անմարդկայնության հետ, որն ուղղված է եղել հայ ժողովրդի դեմ: Սպանվել են անմեղ մարդիկ, երեխաներ, կանայք, ծերերը: Այս հանցագործությունը չպետք է երբևէ մոռացվի, դա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներ միանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանը ցավում է անմեղ զոհերի համար, մենք կարծում ենք, որ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն: Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշողություները չմոռացվեն: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր պահպանում են այդ հիշողությունը և փոխանցում սերունդներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերգեյ Ժելեզնևը: Նրա խոսքով՝ պատմական այդ էջերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն և դրանցից դասեր քաղվեն: Սերգեյ Ժելեզնևն ընդգծեց, որ 1915 թվականին հայերի դեմ կատարվածը հանցագործություն է և դրան ոչ մի արդարացում չկա:
Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գլխավորած պատվիարկությունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում: Ավարտին Սերգեյ Ժելեզնյակը հուշամատյանում թողեց գրառում, որում մասնավորապես ասված է. «Հայ եղբայրների հետ սգում ենք Ցեղասպանության զոհերի համար: Համատեղ ջանքերով մենք պետք է հասնենք Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը»: