«Ահա՛ թե ինչպիսին է ազատությունը». միջազգային մամուլը՝ Մխիթարյանի խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերջապես երկար խաղաժամանակ ստացավ: Երկար դադարից հետո Մխիթարյանը վերադարձավ դաշտ և շատ վստահ խաղ ցուցադրեց:
Խաղավարտին մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը լավ խաղաց և իր խաղով հասկացրեց, որ կարող է խաղալ նաև Պրեմիեր լիգայում: Իսկ հայ ֆուտբոլիստն էլ իր խաղը կոչեց նոր սկիզբ:
Երկրպագուների և լրագրողների քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Ահա՛ թե ինչպիսին է ազատությունը»,- գրեց հեղինակավոր Bleacher Report UK-ը խաղավարտին:
Անգլիական մի շարք պարբերականները նշել են, որ Մխիթարյանը լավագույններից մեկն էր, և հարցրել են Մոուրինիոյին, թե ինչու էր նա թաքցնում այսպիսի ֆուտբոլիստին:
Մասնավորապես, «Manchester Evening News»-ը, գնահատելով անգլիական թիմի ֆուտբոլիստների խաղը՝ Հենրիխին տվել է ամենաբարձր միավորները՝ 8 բալ:
Պարբերականը նշել է, որ անսպասելի էր այն, որ Մխիթարյանը խաղաց ձախ եզրում:
«Նա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն էր»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը բնավ ճնշված ֆուտբոլիստի տպավորություն չէր թողնում:
Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստների խաղը գնահատել է նաև Express պարբերականը: Այստեղ Մխիթարյանը ևս ստացել է 8 միավոր՝ ճանաչվելով խաղի լավագույնը: 8 բալ է ստացել նաև Պոլ Պոգբան:
Հենրիխ Մխիթարյանի խաղին անդրադարձել է նաև ֆուտբոլային մասնագետ, Goal.com կայքի թղթակից Կրիս Վուակսը: Ըստ լրագրողի՝ երկրորդ խաղակեսում անգլիական ակումբի շարժիչ ուժը Մխիթարյանն էր:
«Բոլորի ուշադրությունը Մխիթարյանի վրա էր, քանի որ 15 խաղ հետո Մոուրինիոն վերջապես վերադարձրեց նրան դաշտ:
Մասնագետները նշում էին, որ Հենրիխը չի դիմանա անգլիական ֆուտբոլի ճնշմանը, սակայն հինգշաբթի նա ստացավ թևեր և շատ բան ապացուցեց:
Հենրիխը խաղի ընթացքում զարգացրեց իր խաղն այնպես, որ Մոուրինիոն դեռ շատ կզղջա նրան հնարավորություն չտալու համար:
Թիմի հետ գրեթե չխաղացած ֆուտբոլիստը շատ վստահ էր նաև առաջին խաղակեսում: Իսկ երկրորդ խաղակեսում անգամ ոչ մասնագետները կարող էին հասկանալ, որ Հենրիխը խաղը վերցրել էր իր ձեռքը:
82-րդ րոպեին, երբ Մխիթարյանը փոխարինվեց, մարզադաշտը ծափահարում էր նրան կանգնած: Այդ պահին Մխիթարյանը հասկացավ, որ արել է այն, ինչ պետք էր Մոուրինիոյի վստահությունը վերականգնելու համար»,- նշել է Վուակսը:
Սիրարփի Աղաբաբյան
https://www.youtube.com/watch?v=QRZXtzv2E1c&feature=youtu.be