
«Գալստուկավոր, մաքուր հագնված մարդը գնում էր այնտեղ՝ ոչ մի բան չանելու ու պետության բյուջեի հաշվին փո՞ղ ստանար»

«Բոլոր դեպքերում ես մտածում եմ, որ փոփոխությունների վեկտորը ճիշտ եմ համարում, որովհետև մենք այլընտրանք էլ չունեինք։ Հասկանալի է, որ անհրաժեշտ են փոփոխություններ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նա նշեց, որ վարչապետի մակարդակով ընդունվում է, որ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում։ «Թիմ է հավաքվում, գոնե այս պարագայում չենք կարող ասել, որ այս թիմի ներկայացուցիչները, ըստ էության, կասկածելի դաշտերում գտնված մարդիկ են եղել, կրիմինալ անցյալ ունեն, և այլն, և այլն»,- ասաց Վարդան Բոստանջյանը։
Ըստ նրա՝ վարչապետը ներկայացել է մի ծրագրով, որը բավականաչափ տարբերվում է մյուսներից, ներկայացվել է իրատեսական բյուջե։ Անդրադառնալով ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումներին, ինչի արդյունքում մարդիկ կորցնում են աշխատանքը, նա ասաց, որ «արտաքին պարտքի որևէ մի կոպեկ չի գտնվում որևէ մի խելքը գլխին կառույցում, բոլորը գտնվում էին ԾԻԳ-երում և որոշակի հովանավորված, պաշտպանված ու թափանցիկություն չունեցող ՊՈԱԿ-ներում».
«Հիմա դա վերանում է, դա վա՞տ բան է։ Իսկ դուք ասում եք՝ աշխատատեղեր են կրճատվում։ Գալստուկավոր, մաքուր հագնված մարդը գնում է այնտեղ՝ ոչ մի բան չանելու ու պետության բյուջեի հաշվին փո՞ղ ստանար»։
ԱԺ ՀՀ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ասաց, որ տրված գումարի դիմաց պետք է արդյունավետ աշխատանք կատարվի։ Նա նշեց, որ ցավալի է սոցիալական վիճակը, բայց երբ ուզում ես բժշկել, եբեմն պետք է ցավեցնես: