Ղազախստանում ընդունվել է Աստանան ի պատիվ Նազարբաևի վերանվանելու հռչակագիրը
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են հանրապետության անկախության 25-ամյակի հռչակագիրը, որում խոսվում է Աստանայի վերանվանման մասին։ Տվյալ որոշումը խորհրդարանի նիստում հնչեցրել է Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, հայտնում է BNews.kz-ն։
Սենատի պատգամավորներից հռչակագրի ընդունման օգտին քվեարկել է 46 պատգամավոր, մեջլիսից՝ 105։ Վճիռն ընդունվել է։
«Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք բոլորին սրտանց շնորհավորել այս պատմական փաստաթղթի ընդունման կապակցությամբ»,- ասել է Նիգմատուլինը։
Խորհրդարանականներն ընդգծել են, որ Ղազախստանը՝ որպես հաջողակ պետություն, զարգացել է շնորհիվ առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի արիության։
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել, որպեսզի դրա անվանման մեջ հնչի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը։
Պատգամավորներն առաջարկում են նաև ի պատիվ հանրապետության անկախության 25-ամյակի Աստանայում տեղադրել հուշարձան՝ նվիրված անկախությանը։
«Անկախության մեծագույն ուղին պետք է հավերժացվի։ Անհրաժեշտ է մայրաքաղաքում տեղադրել «Անկախ Ղազախստան» հուշարձանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։