«Դուրս գալով այդ պաշտոնից՝ նա ազատ է տնօրինել սեփական կյանքը». Շավարշ Քոչարյանը՝ Ջեյմս Ուորլիքի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անսպասելի չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականը: Նոյեմբերի 23-ին կայացած հարցազրույց-ասուլիսի ընթացքում Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահների դեպքում ռոտացիայի սկզբունք է գործում : «Ժամկետը լրացել էր, և այդ իսկ պատճառով նրան փոխել են»,- ասաց Շ. Քոչարյանը:

Հարցին՝ մտահոգություններ չի առաջացնո՞ւմ այն հանգամանքը, որ Ջեյմս Ուորլիքն աշխատանքի է անցնելու ռուսական հայտնի իրավաբանական կազմակերպությունում, որը սերտ կապերի մեջ է ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ նավթային մի շարք երկրների ղեկավարությունների հետ, Շավարշ Քոչարյանը պատախսանեց. «Դուրս գալով այդ պաշտոնից՝ նա ազատ է տնօրինել սեփական կյանքը: Օրինակ, ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ, որոշակի կողմնակալություն մենք տեսնում էինք, որն արտահայտվեց նրա ապագա աշխատանքում: Այս դեպքում ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի չեմ տեսել նրա ապագա գործունեությունը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կանդրադառնա ամերիկացի համանախագահի փոփոխությունը հակամարտության կարգավորման վրա, Քոչարյանը խորհուրդ տվեց չգերագնահատել այն անձանց, ում եռանախագահող պետությունները նշանակում են որպես ներկայացուցիչ: «Բնական է, որ պետությունն ունի իր պետական քաղաքականությունը, անձերն էլ ունեն իրենց թեթևակի դերակատարումը: Այո, նրանք ունեն որոշակի դերակատարում, բայց շատ թեթև»,- նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:

Նրա խոսքով՝ անձի փոփոխությունը չի նշանակում, որ նոր համանախագահը գալու է ու զրոյից սկսի առաջարկների նոր փաթեթ ներկայացնել: Քոչարյանը մանրամասնեց, որ նոր համանախագահը նախ ծանոթանալու է մինչ այդ եղած առաջարկներին և փաստաթղթերին և հայտնվում է նույն հոսանքի մեջ, որը մինչ այդ կար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս