«1500 դոլար ներդրում ես անում և ունենում ես անվճար էլետրականություն 20-30 տարվա համար»

«Հիմա հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, որ ինքնաթիռով Հայաստան ժամանելիս՝ վերևից տեսնենք, որ բոլոր տանիքներին արևային պանելներ են տեղադրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք ուզում են ստեղծել արտադրություն սպառման կետում, որը, ըստ նրա, շատ ավելի արժեքավոր էներգիա է, և դրա համար  լավագույն միջոցն արևային էներգետիկան է. «Այս ծրագիրն իրականացնելու համար պետք է համակողմանի միջոցառումներ բանկային սեկտորի հետ, իրավական դաշտում, նորմատիվ դաշտում, լայն իրազեկման գործողություններ, լայն աշխատանք ԶԼՄ-նրի հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ օգուտներ կան այս ծրագրից, ու բոլորը հասկանան, որ արդեն իմաստ չունի արևային պանելներ չդնելը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում կկարողանանք հասնել, որովհետև ախտորոշել ենք բոլոր խնդիրները, գիտենք՝ կոնկրետ ինչ պետք  է անենք, ու հիմա ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգռ կողմերի հետ, որպեսզի այս ծրագիրը մշակվի և իրականացվի»:

Հ. Հարությունյանի խոսքով՝ հաջորդ ծրագիրը համակարգային արևային կայանների կառուցումն է. «Երկու շաբաթ առաջ Էներգետիկայի նախարարությունն առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագին սահմանել մինչև մեկ մեգավատտ արևային կայանների համար, ու այդ սակագինը հավասար պետք է լինի քամու էներգետիկայի համար սահմանված սակագնին: Հասկանալով, որ սա կարող է դիտարկվել՝ որպես արտոնյալ սակագին, մենք սահմանափակել ենք մինչև մեկ մեգավատտի՝ գիտակցելով նաև մեր լավ արևի ռեսուրսը»:

Նա հայտնեց, որ արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ-ին, ստանալ սակագին ու կառուցել արևային կայան, և պետությունն արդեն էներգետիկայի մասին օրենքով 20 տարի պարտավոր կլինի այդ էներգիան գնել. «Այսինքն՝ միանգամից արդեն այս ամսվա ընթացքում բավականին երկար  սպասված այս քայլը մենք կատարեցինք, և շուտով կհրապարակվի որոշումը, որը կֆիքսի այդ սակագինը: Հաջորդ քայլերը կլինեն արդեն՝ պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորում և ներգրավել մասնավոր ներդրողին: Մրցույթի հիմնական առարկան լինելու է առաջարկվող սակագինը. ով ավելի էժան սակագնով այդ կայանը կկառուցի, իրեն էլ կտրվի կայանը կառուցելու իրավունքը»:

Հ. Հարությունյանը նշեց, որ նաև նախատեսում են մրցույթ հաջորդ տարի 50 մեգավատտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար. «Սա կլինի բավականին խոշոր ծրագիր, ու մրցույթը կլինի նույնպես սակագնի համար: Մենք ակնկալում ենք բավականին ցածր սակագին այս ոլորտի արդյունքում: Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, պետք չէ դա օգտագործել, մենք այս ծրագրով փորձում ենք ապացուցել, որ դա այդպես չէ, արևային էներգետիկան  մատչելի էներգիայի աղբյուր է, և ակնկալվող սակագինը լինելու է բավականին ցածր»:

Փոխնախարարի խոսքով՝ ցանկանում են մինչև 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով, քանի որ իրենց նպատակն էներգետիկ անկախության ապահովումն է:

«Ես իմ տանն իմ տանիքում տեղադրել եմ արևային պանել, և արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադրում եմ: Հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել: Մեր երկրի միջին սպառումն ամսական 200 կիլովատտ ժամն է՝ մեկ բնակարանի համար, տարեկան դա 2400 կիլովատտ ժամն է, այդքան ապահովելու համար ձեզ պետք է 1.5 կիլովատտ արևային պանել, դա հինգ պանել է, իսկ մեկ կիլովատտ պանելի արժեքը հիմա տատանվում է՝ միջինը 1000 դոլար»,- նշեց փոխնախարարը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ 1500  դոլար ներդնում ես և ունենում ես անվճար էլեկտրականություն 20-30 տարվա համա՞ր՝ փոխնախարարը դրական պատասխան տվեց:

Տեսանյութեր

Լրահոս