«Երիտասարդների մոտ պարզում ենք լուրջ հիվանդություններ, որոնք արտասահմանյան երկրներում բնորոշ են 70-80 տարեկաններին»

Հայաստանում հիմնական մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Դրանց տարածվածությունը շատացել է, ինչպես նաև «երիտասարդացել»: Հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ  ապրելակերպի մշակույթի բացակայությունն է: Շտապ բուժօգնության ծառայությունում շարունակում են առաջին տեղում մնալ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով ահազանգերի դ եպքերը: «Արմենպրես»-ը սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ զրուցեց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հետ:

– Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

– Սիրտ-անոթային հիվանդություններից, ինչպես աշխարհում այնպես էլ Հայաստանում տարածված է սրտի իշեմիկ հիվանդությունը` իր տարբեր դրսևորումներով, ընդհուպ մինչև սրտամկանի ինֆարկտ, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիա և դրանով պայմանավորված այլ սիրտ-անոթային պաթոլոգիաներ, այդ թվում մինչև ինսուլտ և այլն: Դրանց առաջացման պատճառները բազմազան են: Նախ` դրանց մեջ մտնում են բոլոր այն ռիսկի գործոններն, որոնք հանդիսանում են սիրտի իշեմիկ և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման նպաստավոր պայմաններ: Դրանցից են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ծխելը, ժառանգական գործոնները, ապրելակերպը, որին մենք չենք հետևում և չունենք առողջությանը հետևելու մշակույթը: Իհարկե, նաև այնպիսի սոցիալական գործոններ, ինչպիսիք են անցած պատերազմները, որոնք մեր ժողովուրդը վերապրեց, այն ցրտի և մթի տարիներն: Սիրտ-անոթային հիվանդությունները նոր սերունդների մոտ որոշակի տարիքի հասնելով արտահայտվում են շատ ավելի վառ, քան նախորդ սերնդների մոտ:

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները կազմում են հիմնական մահացությունների 48 տոկոսը` մոտ կեսը:

Կարդացեք նաև

– Անկախության տարիներից ի վեր սիրտ-անոթային հիվանդությունների ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել, արդյոք շատացել են հիվանդացության դեպքերը, թե ոչ:

– Հստակ վիճակագրական տվյալներ 90-ականների հետ համեմատության համար չկան: Մոտավորապես, ինչքան արձանագրվել են, կարող եմ ասել, որ այժմ 300-500 հազար սիրտ-անոթային այս կամ այն հիվանդություններ ունեցող մարդիկ կան Հայաստանում: Մեր բնակչության համեմատ ահռելի թիվ է: 90-ականներին ճշգրիտ վիճակագրական տվյալներ չէինք կարող ունենալ, քանի որ հստակ վիճակագրություն չէր վարվում, հետո հիվանդների մեծ մասը բժշկի չէր դիմում` տրանսպորտի, լույսի և այլ խնդիրների պատճառով: Այն ժամանակ հիվանդների մեծ մասը մահանում էր տանը, հիմա դիմելիությունը բավականին մեծացել է: Սա կայն այդ տարիների մանկություն, պատանեկություն ապրած սերնդի մոտ այժմ արտահայտվում են սիրտ-անոթային հիվանդությունները:

– Ովքե՞ր կարող են համարվել սիրտ-անոթային հիվանդության ռիսկային խումբ: Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:

– Ռիկային խումբ են առաջին հերթին տղամարդիկ, որոնց մոտ սիրտ-անոթային հիվանդությունները 4-5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ:

Հայաստանում լիարժեք պետական մակարդակով պայքար չի տարվում այս հիվանդությունների կանխարգելման համար: Ճիշտ է վերջին տարիներին Առողջապահության նախարարությունը սկսել է սկրինինգային ծրագրեր, և նոր-նոր տեղաշարժեր կան: Ինչպես նաև առաջնային կանխարգելման առումով մեծ նշանակություն ունեն ոչ միայն առողջապահական խնդիրներն, այլ նաև այնպիսի պետական միջոցառումներ, ինչպիսին են օրինակ ծխելու սահմանափակումները: Կարելի է նաև ընդլայնել ռիսկային մասնագիտությունների կամ ռիկսային տարածաշրջաններում, բարձր լեռնայի շրջաններում, սահմանակից բնակավայրեր ում ապրողների ավելի լայն պրոֆիլակտիկ աշխատանքները` հայտնաբերելու սիրտ-անոթային հիվանդությունները: Զարկերակային հիվանդությունների մի մասը կարող է ընթանալ թաքնված ձևով, այսինքն` մարդու մոտ առանց գանգատներ լինելու կարող է ի հայտ գալ բարձր ճնշում: Այդ պատճառով բարձր ռիսկային խմբի մարդկանց մոտ պետք է անցկացվեն պրոֆիլակտիկ ստուգումներ:

Մեզ մոտ չկա առողջապահական մշակույթը, մենք չենք դիմում բժշկի թեթև կասկածների դեպքում, այլ դիմում ենք, երբ խորացված հիվանդություններ ունենք: Այդ պատճառով հիպերտոնիայով հիվանդների մի փոքր մասն է ստանում լիարժեք բուժում:

– Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին հիվանդությունը «երիտասարդացել» է:

– Այո կարող ենք արձանագրել, որ սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, հատկապես իշեմիկ հիվանդությունները, դրանք կապված են այն բոլոր գործոնների հետ, որոնք թվարկել էի:

– Ո՞ր տարիքային սահմանում են հիմնականում նկատվում հիվանդության դեպքերը:

– Սովորաբար Հայաստանում ինֆարկտային կամ իշեմիկ հիվանդությունների տարիք է համարվում 50-60 տարեկանը: Սակայն մենք ունեցել ենք հիվանդներ 22, 23, 27, 29 տարեկանում: Իսկ 30-40 տարեկանն արդեն հազվադեպ չէ: Պատճառները հիմնականում ցածր գիտակցվածությունն է: Մենք երիտասարդների մոտ կորոնորոգրաֆիա անելով պարզում ենք լուրջ հիվանդություններ, որոնք արտասահմանյան երկրներում բնորոշ են 70-80 տարեկաններին:

– Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդությունների շրջանում ավելի շատ կանանց թե՞ տղամարդկանց մոտ են դրանք գրանցվում:

– Ճիշտ է տղամարդկանց մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, բայց կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի ծանր են ընթանում: Նրանց մոտ և մահացությունն է բարձր և հաշմանդամությունը: Կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունները  ավելի շատ զարգանում են մենոպաուզայից հետո: Բայց մինչև այդ տարիքը նրանց մոտ հիվանդությունը սովորաբար չի հանդիպում:

-Ի՞նչպիսի քայլեր պետք է արվեն հիվանդությունից խուսափելու համար:

-Նախ և առաջ պետք է հատկապես ռիսկային տարիքում գտնվող անձինք` 40 տարեկանից բարձր տղամարդիկ և 50-ից բարձր կանայք, ստուգեն իրենց զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակները, զբաղվեն սպորտով, չծխեն, հետևեն իրենց քաշին: Զարկերակային տատանումների դեպքում դիմեն բժշկի, հատկապես այն մարդիկ, որոնց ժառանգականության մեջ կան սիրտ-անոթային հիվանդությունները: Այսինքն` այս ամենը կոչվում է առողջ ապրելակերպի մշակույթ:

-Կան արդյոք հիվանդության բուժման այնպիսի տարբերակներ, որոնք Հայաստանում հասանելի չեն:

-Հայաստանյան առողջապահության մեջ սրտաբանությունն այն առաջատար բնագավառներից մեկն է, որը համադրելի է միջազգային մակարդակին: Հայաստանում կան մի շարք կենտրոններ, որտեղ ներդրված են ժամանակակից տեխնիկա, բանիմաց մասնագետներ են աշխատում: Հայաստանյան սրտաբանությունը չի զիջում եվրոպական սրտաբանությանը: Ի տարբերություն 15-20 տարի առաջվա իրավիճակի, այժմ շատ հազվադեպ մարդիկ են սրտի վիրահատության համար գնում արտասահման: Մենք ունենք մի քանի առաջատար հիվանդանոցներ, որտեղ սրտի հետ կապված ցանկացած միջամտություններ արվում են:

Վերջին մեկ-երկու տարիներին հնարավոր է, որ ստենտավորման համար գնում էին Վրաստան, որտեղ գնային տարբերություն կար, բայց հիմա նաև Հայաստանում են դրանց գներն իջել: Գնային տեսանկյունից էլ արտասահմանը որևէ արտոնություն չունի:

Հայաստանյան բժիշկները տարին մի քանի անգամ գնում են միջազգային կոնգրեսների, և մենք չենք գնում միայն լսելու համար, գնում ենք նաև ներկայացնելու:

Հարցազրույցը` Վահե Հակոբյանի

Տեսանյութեր

Լրահոս