«Երբ փաստենք, որ «իքս» մարդը ներմուծել է շաքարավազ և ողջ-առողջ է, ուրեմն ճիշտ է». գործարարը շաքարավազի շուկան ազատականացնելու մասին. tert.am
Չնայած մոտ 2 ամիս է՝ ՀՀ նոր կառավարությունը հայտարարել է ներմուծման շուկայի՝ այդ թվում շաքարավազի ներմուծման ազատականացման մասին, երկու ամսվա ընթացքում որևէ գործարար շաքարավազ չի ներկրել Հայաստան. ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը վերջերս հայտարարել էր, թե 1-2 մեքենա բենզին ու բանան ներկրողներ եղել են, բայց շաքարավազ ներկրող չի եղել:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, ով սուրճի արտադրություն ունի ու իր արտադրության մեջ շաքարավազ է օգտագործում, ըստ tert.am-ի՝ ուսումնասիրել է շաքարավազի շուկան և եկել այն եզրակացության, որ շաքարավազ ներկրելը, անգամ արտադրող լինելու դեպքում, ձեռնտու չէ, եթե արտադրությունը մեծ չէ:
«Ես ինքս օգտագործում եմ շաքարավազ իմ արտադրության մեջ: Երեքը մեկում սուրճ եմ արտադրում, որտեղ կա շաքարավազ, սուրճ և սերուցք, և էդ արտադրության մեջ ինձ շաքար է պետք: Բայց եթե ես նույնիսկ մեկ կոնտեյներ բերեմ, ինձ մեկ տարի է պետք, որ ես դա սպառեմ: Եվ եթե իմ սպառման գինը շատ մրցունակ չի լինելու, իմաստ չունի ես մեկ կոնտեյներ ապրանք քնեցնեմ էստեղ: Բիզնես տեսանկյունից ինձ այսօր ձեռնտու չի բերել, եթե ես չեմ կարող էժան գնով բերել, քանի որ մեծ խաղացողները շատ ավելի էժան են բերում, և նրանք մեծ հնարավորություն ունեն»,-ասաց գործարարը:
Tert.am-ը գործարարից հետաքրքրվեց, թե շաքարավազի շուկան ազատականացնելու առթիվ Կառավարության հայտարարությունն իր կարծիքով ճի՞շտ է:
«Մենք կարիք ունենք փաստի: Երբ փաստենք, որ իքս մարդը ներմուծել է շաքարավազ և ողջ-առողջ է, ուրեմն ճիշտ է: Երեկվա դրությամբ, հեռուստատեսությամբ տեսա՝ ինչ-որ մարդիկ բանան էին բերել»,-ասաց Մխչյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: