Տնտեսագիտական մտքի զարգացումը հետխորհրդային երկրներում

Քառորդ դար առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարները ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Խորհրդային Միության գոյությանը:

«1991 թվականի դեկտեմբերին Բելովեժյան համաձայանգրի ստորագրմամբ ավարտվեց 20-րդ դարի ողբերգական պատմությունը: Սա համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություն էր: Անցել է քառորդ դար, սակայն, առայսօր չկա այս իրադարձության խորքային ընկալում»,- հատարարել է ՌԴ նախկին փոխվարչապետ Գենադի Բուրբուլիսը:

Խորհրդային կայսրության փլուզման պատճառները բազմաթիվ էին, որոնցից ամենակարևորներից է տնտեսական գործոնը: Խորհրդային պլանային տնտեսությունն ու անարդյունավետ կառավարումը նպաստեցին պետության կազմալուծմանը: Հետխորհրդային երկրների տնտեսագիտական մտքի զարգացման և ազատ տնտեսական քաղաքականության մշակման խնդիրների մասին «Ամերիկայի ձայնի» թղթակիցը զրուցել է Հայկական տնտեսագիտական միության նախագահ, տնտեսագետ Զարեհ Ասատրյանի հետ, ով Վաշինգտոնում մասնակցում էր Ամերիկյան տնտեսագիտական միության կազմակերպած համաժողովին:

«Խորհրդային միությունում առկա էր պլանային տնտեսություն: Տնտեսական առումով ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանին թողեց խոշոր արդյունաբերական հիմք, որը կարող էր աշխատել միայն խորհրդային պլանային տնտեսությունում, սակայն պարզվեց, որ այն այնտեղ էլ չի կարող աշխատել: Դրանից հետո անհրաժեշտ էր բարեփոխումներ իրականացնել, որի համար պետք էր կամք և գիտելիք»,- ասում է Զարեհ Ասատրյանը:

Խորհրդային տնտեսագիտական միտքը ձևավորված էր պլանային տնտեսության հիմքի վրա, ուստի փլուզումն իր հետ բերեց ոչ միայն երկար սպասված ազատությունն, այլ նաև նոր տնտեսագիտական մտքի յուրացման և ազատ շուկայական հարաբերությունների ձևավորման անհրաժեշտություն: Ըստ տնտեսագետի, այսօր Հայաստանում այս խնդիրները մնում են արդիական:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարիք զգացվեց նոր տնտեսագիտական մտքի ձևավորմանը նախկին ԽՍՀՄ-ի երկրներում: Ստեղծվեցին նոր տնտեսագիտական քաղաքականության մշակման կենտրոններ Բուդապեշտում, Պրագայում, Կիևում, Թիֆլիսում: Հայաստանում ևս որոշ բաներ արվեցին, սակայն ազատ տնտեսական քաղաքականության մշակման կենտրոն չհիմնվեց»,-ասում է Ասատրյանը:

Հայկական տնտեսագիտական միության նախագահի կարծիքով, կրթական համակարգն այս հարցում ունի կարևոր նշանակություն, որը պետք է պայմաններ ստեղծի ոչ միայն տնտեսագիտության ուսուցման, այլև հետազոտություններ իրականացնելու համար:

«Հայաստանի համալսարանները չեն իրականացնում հետազոտություններ: Նրանք զբաղված են ուսուցմամբ, սակայն գիտահետազոտական աշխատանքներ չեն տարվում: Ընդհանուր կրթական համակարգը կարիք ունի բարեփոխումների»,-ասում է Զարեհ Ասատրյանը:

Այսօր Հայաստանում, ըստ Զարեհ Ասատրյանի, այս առումով դեռևս շատ անելիքներ կան, և Հայկական տնտեսագիտական միությունը փորձում է հետազոտությունների համար ստեղծել համապատասխան դաշտ Հայաստանում տարեկան գիտաժողովների անցկացման ու hետազոտությունների խրախուսման միջոցով:

«Մենք տեսնում ենք, որ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ են հետազոտություններ, և Հայկական տնտեսագիտական միությունը նպաստում է դրան, ստեղծում պլատֆորմ, որտեղ կարող են հանդիպել քաղաքականություն մշակողներն ու հետազոտողները, ստեղծում կապը դրսի հետ: Մեր գործիքներն են գիտաժողովներն ու կայքի միջոցով ռեսուրսների տրամադրումը: Սկսել ենք որպես փոքր թիմ, մեզ համար անսպասելիորեն եվրոպական և ամերիկյան բուհերում ուսուցանող հայ շատ մասնագետներ հավաքվեցին միության շուրջ»,-ասում է Հայկական տնտեսագիտական միության նախագահը:

Ըստ տնտեսագետի, տնտեսական քաղաքականության մշակումը բավականին դժվար, ծախսատար ու ժամանակատար գործընթաց է: Դրա ու կրթական համակարգի միջև կապն, անխոս, չափազանց կարևոր է: Նա կարծում է, որ նոր երիտասարդ կադրերի ընդգրկումը կրթական համակարգում կարևոր դեր ունի հետխորհրդային տնտեսագիտական մտքի զարգացման հարցում, որը դրականորեն կազդի երկրում ազատ տնտեսության ու ազատ շուկայական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում, ըստ տնտեսագետի, անհրաժեշտություն կա մշակելու տեղական կարիքների համար համապատասխան տնտեսական քաղաքականություն, որը, հաշվի առնելով համաշխարհային փորձն, այն կադապտացնի հայկական իրականությանը:

Տեսանյութեր

Լրահոս