«Գերմանիան հույս ունի, որ կհաջողվի ֆինանսավորել ընտրատեղամասերում ընտրողների գրանցման հետ կապված հարցը». Մաթիաս Քիսլեր
«Մեծ առաջընթաց էր, որ ընդդիմության և քաղաքացիական հասարակության պնդմամբ հաջողվեց ԸՕ-ում ներառել ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակման հարցը»,- այս մասին այսօր իր տարեվերջյան մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ գնահատելով Ընտրական օրենսգրքի շուրջ հայաստանյան քաղաքական դաշտի ձեռք բերած համաձայնությունը։
Նա նկատեց, որ ԸՕ-ի շուրջ տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, որի արդյունքում էական փոփոխություններ գրանցվեցին:
«Ինձ համար դրականորեն զարմանալի էր, որ արդյունքում բավականին լայն համաձայնություն ձևավորվեց Կառավարության և ընդդիմադիր դաշտի մեծ թվով կուսակցությունների միջև: Մեծ առաջընթաց էր, որ ընդդիմության և քաղաքացիական հասարակության պնդմամբ հաջողվեց ԸՕ-ում ներառել ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակման հարցը: Կարծում եմ, որ այս ԸՕ-ն մեծ քայլ դարձավ Կառավարության և ընդդդիմության, Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև հանդուրժողականության ձևավորման ճանապարհին, նրանց միջև փոխադարձ ըմբռնման ճանպարհին»,- ասաց դեսպան Քիսլերը։
Նա տեղեկացրեց, որ գերմանական կողմը քննարկում է և հույս ունի, որ կհաջողվի ֆինանսավորել ընտրողների ընտրատեղամասերում գրանցման հետ կապված հարցը։ «Խոսքն այն մատնահետքերի սարքերի մասին է, որոնք պետք է տեղակայվեն ընտրատեղամասում, որպեսզի ընտրողը երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն չունենա: Ծավալվում են քննարկումներ այն շահագրգիռ կողմերի կողմից, որոնք ցանկանում են մեխանիզմներ ներդնել, քննարկում են՝ ինչպես կազմել ծրագիր, որ իրականություն դարձվի այս կետը»,- ասաց Քիսլերը: