Նախագահականը պատրաստ է «168 Ժամի» նախաձեռնած «Հարց նախագահին» ձևաչափին

«168 Ժամ» թերթի՝ նոյեմբերի 18-ի «Հարց Սերժ Սարգսյանին» վերնագրով հրապարակման մեջ գրել էինք, որ թերթը նախաձեռնում է նոր խորագիր՝ «Հարց նախագահին» անվանումով, որի շրջանակներում պարբերաբար հարց կուղղենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դա ձևակերպել էինք՝ որպես ՀՀ նախագահի աշխատակազմին ուղղված առաջարկ՝ ակնկալելով, որ արձագանքի դեպքում կգործարկենք որոշակի մեխանիզմ՝ ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանին հարց հղելու ու պատասխանը հրապարակելու նպատակով։ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը գրավոր պատասխանել է մեր հրապարակմանը՝ նշելով, որ պատրաստ է այս ձևաչափով համագործակցությանը։

«Կարևորելով հասարակությանն արժանահավատ և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու գործում տպագիր մամուլի դերը՝ հայտնում ենք, որ Ձեր առաջարկն ընդունելի է, և առաջիկայում պատրաստակամ ենք տրամադրել հասարակությանը հուզող և կարևոր խնդիրներին վերաբերող հարցադրումների առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշումները»,- նշված է «168 Ժամին» ուղղված նամակում։

Այսպիսով, «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում կմեկնարկի «Հարց նախագահին» խորագիրը, որի առաջին հրապարակումը կներկայացնենք Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առաջին պատասխանը ստանալուն պես։

 

Տեսանյութեր

Լրահոս