Հարց Սերժ Սարգսյանին

Վերջին քննարկումները խորհրդարանում հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակը, որը բոլոր նշաձողերից ցածր մակարդակ է ու մակարդակի բացակայություն է՝ ըստ էության։

Ամենից հաճախ այդ քննարկումներին տրվող բնորոշումը՝ թամաշա, լավագույնս արտահայտում է դրանց ոչ միայն՝ որակը, այլ նաև՝ նպատակայնությունը։ Ինչպես մակարդակը, այնպես էլ նպատակը շատ հաճախ բացակայում է այդ քննարկումներում։ Որովհետև հաճախ դրանք քննարկումներ են ոչ թե հանուն լավ կամ ավելի լավ որոշումների կայացման, այլ արդեն իսկ կայացված որոշումները հիմնավորելու կամ քննադատելու աննպատակ նպատակ են հետապնդում։ Այն, ինչն ընդունված է անվանել հանրային դիսկուրս, Հայաստանում գործնականում չկա։ Կամ կա ձևականորեն, առանց ֆունկցիոնալության։

Որովհետև այդ ձևականությունը գործնականում որևէ կամ գրեթե ազդեցություն չի ունենում որոշումների կայացման գործընթացի վրա։ Ու հասարակությունը լեգիտիմ իրավունք ունի մտածելու ու ենթադրելու, որ ժողովրդավարական կոչվող երկրում բոլոր կենսական որոշումները կայացվում են միանձնյա կամ գրեթե միանձնյա։

Այդ ենթադրությունների համար պարարտ հող է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը հասարակության հետ հարաբերվում է միջնորդավորված, միայն տարբեր խորհրդակցությունների ժամանակ հնչեցրած ելույթներով ու հանձնարարականներով, ու որոշակի պարբերականությամբ միայն արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներով։ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել,  անհասանելի է հայաստանյան մամուլի համար, ոչ թե սահմանափակ թվով լրագրողներով կազմակերպված ասուլիսների, այլ ուղղակի հարց-պատասխան ձևաչափով հարաբերության իմաստով։ Այն դեպքում, երբ Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ կան տասնյակ, հարյուրավոր հարցեր, որոնց պատասխանները կենսականորեն կարևոր են հասարակության համար, սակայն մամուլը՝ որպես հասարակական տրամադրությունների արտացոլող, գործնականում զրկված է այդ հարցերը հասցեատիրոջն ուղղելու հնարավորությունից։ Մինչդեռ հասարակության համար կարևոր են հատկապես այն մարդու պատասխանները, ով կայացնում է այդ կենսական խնդիրների վերաբերյալ որոշումների մեծամասնությունը։

Հաշվի առնելով այս իրողությունը՝ «168 Ժամը» նախաձեռնում է խորագիր՝ «Հարց նախագահին» պայմանական անվանումով։ Հաջորդ շաբաթվանից սկսած որոշակի պարբերականությամբ Սերժ Սարգսյանին կուղղենք գրավոր հարց՝ ակնկալելով պատասխաններ։

ՀՀ նախագահի աշխատակազմը սա կարող է ընդունել՝ որպես Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկ:

Տեսանյութեր

Լրահոս