ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում ավելի քիչ ուշադրություն կհատկացվի Հարավային Կովկասին

25 տարիների ընթացքում Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական, ռազմավարական առումով: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում աասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Դեռեւս 1991 թվականից, երբ Թուրքիան ճանաչեց  Հայաստանի անկախությունը, այդ նամակի մեջ, որով այն ճանաչեց եւ դիմեց Հայաստանին, նշված էր, որ կան որոշ հանգամանքներ, որոնք  նրանց դեռեւս հնարավորություն չեն տալիս Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ: Կարծում եմ՝ սա թուրքական դիվանագիտության սկզբունքային մոտեցումն է, այսինքն՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը աշխարհաքաղաքական անբարենպաստ  դիրքում է գտնվում, եւ աշխարհի հետ հաղորդակցումը դժվար է, սահմանը փակ պահելով՝ փորձում են ճնշում  գործադրել Հայաստանի վրա եւ կո րզել զիջումներ որոշակի խնդիրներում»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ նոր վարչակազմի ազդեցությանը տարածաշրջանի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վրա, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ քաղաքականությունն այս առումով դեռեւս հստակ չէ:

«Հիմա այն փուլն է, որ նոր վարչակազմը փորձում է մշակել մոտեցումներ Հարավային Կովկասի նկատմամբ: Չեմ կարծում, որ այդ մոտեցումները շատ տարբեր կլինեն ներկայիս վարչակազմի մոտեցումներից, սակայն ընդհանուր առմամբ, ըստ իս՝ ավելի քիչ ուշադրություն կհատկացվի Հարավային Կովկասին, իսկ այդ ուշադրությունն էլ  կլինի ռուս-ամերիկյան հարաբերություների համատեքստում»,- նշեց թուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս