««Ժառանգության» կառույցներն այլև մոբիլիզացման շրջանակում են գտնվելու». Արմեն Մարտիրոսյան

Դեռ հստակ չէ՝ «Ժառանգություն» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա դաշինքո՞վ, թե՞ մենակ։ 168.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք այժմ քննարկումներ են անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ։

Նոյեմբերի 19-ին կուսակցությունում տեղի էր ունեցել քաղաքական խորհրդի հատուկ նիստ, որին մասնակցել էր նաև կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում քննարկվել էին հանրապետությունում և նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակը՝ ուշադրության կիզակետում պահելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին ծավալվող զարգացումներն ու հնարավոր տարբերակները:

«Իհարկե, որոշակի քննարկումներ կան այլ գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բայց չեմ նշի՝ ովքեր են։ Խորհուրդը շատ լայն ձևով անդրադարձավ հարցին՝ ինչպես գործըկերների հետ քննարկումների, լայն ձևաչափով՝ դաշինքով մասնակցելու վերաբերյալ, այնպես էլ նաև՝ միայնակ գնալու վերաբերյալ։ Իհարկե, վերջնական որոշումը բոլոր հարցերի հետ կապված դեռ կկայացվի, բայց որոշակիորեն արդեն ինչ-որ ուղղություններ, շրջանակներ՝ ում հետ կարող ենք համագործակցել, ում հետ՝ ոչ, արդեն կան։ Ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից, «Ժառանգության» կառույցներն այլևս մոբիլիզացման շրջանակում են գտնվելու, և անկախ ամեն ինչից, եթե անհրաժեշտ լինի, «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, միայնակ էլ կմասնակցի»,- նշեց Ա. Մարտիրոսյանը։

Նա չցանկացավ մանրամասնել, թե որ քաղաքական ուժերի հետ են իրենք քննարկումներ անցկացնում և հնարավոր համարում համագործակցությունը, ինչպես նաև՝ թե ում հետ պատրաստ չեն որևիցե տիպի համագործակցության։ Նրա խոսքով՝  որոշ քաղաքական ուժերի հետ բանակցություններում իրենց համար կան սկզբունքային կետեր. «Առաջինը դա Հայաստանի ինքնիշխանությանն է վերաբերում, երկրորդը՝ արմատական բարեփոխումներին՝ իշխանափոխությունից սկսած»։

Կարդացեք նաև

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի շրջանակներում ի՞նչ է նախատեսվում՝ հաշվի առնելով, որ Ա. Մարտիրոսյանն էլ է այդ խորհրդի անդամ։ Ի պատասխան՝ նա ասաց, որ ավելի ճիշտ կլինի՝ այդ մասին հարցնենք Ալեք Ենիգոմշյանին. «Ես ևս քաղաքական խորհրդի անդամ եմ, բայց քանի որ բավականին երկար ժամանակ չեմ մասնակցել նիստերին, գումարվե՞լ են դրանք, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց դժվար թե գումարվեին, ինձ տեղյակ չպահեին»։

Հարցին՝ եթե ինչ-որ նախաձեռնություններ լինեն «Սասնա ծռերի» շրջանակներում, դուք մասնակցելո՞ւ եք, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.  «Այս պահին կա ճանապարհային քարտեզ, թե ինչ կարելի է անել, ես ամբողջովին կողմ եմ, երբ հրապարակվեց Վարուժան Ավետիսյանի և Ժիրայր Սէֆիլյանի ուղենիշները, որոշակիորեն համընկնում կար, ակնհայտ է, որ, եթե այսօր Հայաստանում որևէ մեկը փորձի ինչ-որ արմատական բարեփոխումների ճանապարհային քարտեզ ներկայացնել, ըստ էության դրանք բոլորն իրար նման են լինելու այս կամ այն կերպ, դրա համար այն, ինչ պետք է երկրում անել, իհարկե, համաձայն եմ, իսկ ինչ վերաբերում է ինչպես անելուն, ապա դրա մասին դեռևս խոսք չկա»։

Մեր այն հարցին, թե մինչև խորհրդարանական ընտրությունները հնարավո՞ր է՝ երկրում լինի համաժողովրդական ընդվզում՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Որևէ մեկը չէր սպասում, որ ամռան ընթացքում նմանատիպ ընդվզում կարող էր լինել, բայց եղավ, դրա համար ժամանակից առաջ որևէ մեկը չի կարող ընկնել և ինչ-որ մի բան ասել: Ուստի չեմ կարող բացառել, բայց չեմ էլ կարող հաստատել, ակնհայտ է, որ մեր երկրում այնքան խնդիրներ կան, որ ամեն պահի կարող է ինչ-որ մի բան լինել»։

Ճշտող հարցին, թե «Ժառանագությունը» նման շարժում չի՞ նախաձեռնելու՝ կուսակցության փոխնախագահը պատասխանեց՝ իրադարձությունները ցույց կտան. «Հենց այնպես ասել՝ կնախաձեռնենք կամ չենք նախաձեռնի, ճիշտ չի լինի, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ ինչ-որ քայլեր կարող են լինել, որի պարագայում, այսպես թե այնպես, բոլորս իրար հետ ոտքի կկանգնենք, ինչպես եղավ հուլիսյան իրադարձությունների ժամանակ։ Թե՛ ես, թե՛ «Ժառանգությունը» միշտ կողմ ենք եղել օրինական պայքարին, ուստի, եթե անհրաժեշտությունը լինի, բնականաբար, այդ պայքարի խաղաղ միջոցները կօգտագործենք, ուղղակի պետք է համապատասխան իրավիճակ լինի, խնդիր լինի, ու այդ ժամանակ արդեն որոշում կկայացվի»։

Տեսանյութեր

Լրահոս