Ջավախքցի ուսանողները ևս ընդգրկվում են «Տաշիրի» ծրագրերում
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրենց ծրագրերում պարբերաբար ներգրավում են նաև ջավախքցի մեր հայրենակիցներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում պարգևատրվել են ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին:
Հերթական ծրագրի շրջանակներում օրերս ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող ևս 15 ուսանողներ, ուսման վարձի նպատակներով, ստացան 150 հազարական դրամ գումար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Նման խնդրանքով հիմնադրամին էր դիմել «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Ավելին, հիմնադրամի հոգաբարձուների խորդրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հայաստանում սովորող ջավախքցի 200 ուսանողներ հունվարին կընդգրկվեն երիտասարդների ծաղկաձորյան եռօրյա հանգստի արդեն ավանդական դարձած ծրագրում: Հիշեցենեք, որ այդ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի ընթացքում երկու փուլով Ծաղկաձորում իրենց եռօրյա հավաք-հանգիստը կանցկացնեն լոռեցի 400 ուսանողներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն