Բաժիններ՝

«Փորձեցի օգնություն ցույց տալ և հետ բերել առաջնագծում գտնվող վիրավոր հրամանատարիս, և հենց այդ ժամանակ էլ դեպքը պատահեց»

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի հարավային ուղղությամբ ծառայությունն իրականացրած Արման Ավետիսյանի սխրանքի ու հերոսության պատմությունը։ Արման Ավետիսյանը մեկն է այն տղաներից, ով վիրավորվել է քառօրյա պատերազմի ժամանակ և այն բազմաթիվ զինվորներից է, ով կերտել է պատմություն, չգիտակցելով այդ փաստը: Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմանը կորցրել է ձախ ոտնաթաթը։

«Ամեն ինչ սկսվեց ապրիլի 2-ի առավոտյան, այդ ժամանակ ես մարտական դիրքերում էի,Արցախի հարավային հատվածում։ Առավոտյան 04:30-ի սահմաններում էր,հարձակում եղավ։ Սկզբում մեր հարևան դիրքերն էին գրոհում, հետո՝ մեր։ Սկսվեցին լայնածավալ գործողություններ։ Հենց այդ ժամանակ վիրավորվեցի ու կորցրի ձախ ոտնաթաթս: Ինձ օգնել է փրկվել մի մեծ ուժ՝ մորս հանդեպ անսահման սերը»,- վերհիշում է նա։

Արմանն այժմ պրոթեզավորված է, և արդեն չորս շաբաթ է նոր պրոթեզ է կրում, որը,նրա խոսքով, ավելի հարմար է, սակայն դեռ վերքեր են առաջանում, քանի որ մաշկը նուրբ է: Դա չի խանգարում նրան փորձել ապրել ակտիվ ու լիարժեք կյանքով. Արմանը հեծանիվ է քշում, վազում է, մարզվում ու հոգ տանում սեփական առողջության մասին:

Նա վիրավորվել է դասակի հրամանատարին օգնելու ժամանակ. «Փորձեցի օգնություն ցույց տալ և հետ բերել առաջնագծում գտնվող վիրավորված հրամանատարիս, և հենց այդ ժամանակ էլ դեպքը պատահեց»:

Կարդացեք նաև

Արմանի համար դժվար էր վիրավորվելուց հետո տեսնել, որ ընկերները շարունակում են կենաց ու մահու պայքար մղել` չկարողանալ ուժերի ներածին չափով օգտակար լինել նրանց: Այդուհանդերձ, նա գետնատնակում պահեստատուփեր էր լիցքավորում,մինչև նրան հիվանդանոց տեղափոխեցին:

Նա երախտապարտ է իր ընկերներին,ում շնորհիվ հիմա շնչում է, քայլում և, ընդհանրապես,ապրում է. «Մարտական դիրքի բոլոր ընկերներս,ովքեր հիմա չկան, մեծ դեր ունեցան, որ ես հիմա այստեղ նստած եմ ու Ձեզ հետ զրուցում եմ»:

Խոսելով հետաքրքրությունների,իր առօրյայի մասին՝ մեր հերոսն ասում է. «Առայժմ հետաքրքրություններս շատ են, որ գյուղում եմ ապրում՝ զբաղմունքներս էլ են բազմազան,շատ անգամ ընկերներիս հետ եմ իմ ժամանակը անցկացնում։ Հիմա սովորում եմ Ագրարային համալսարանում։ Այսօր վերջին քննությունս էր,հանձնեցի ու փոխադրվեցի երկրորդ կուրս։ Աշխատելու ցանկություն էլ ունեմ, բայց այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեմ ձեռնարկել,ուղղակի նպատակներս շատ են, ուզում եմ սկզբում դրանք իրականացնել»,-սակայն այդ նպատակների մասին Արմանն առայժմ չցանկացավ խոսել։

Մեր պատմության հերոսն ունի անիրական մի երազանք. «Կուզենայի զոհված ընկերներիս տեսնել, անիրական է, բայց ես երազում եմ դրա մասին։ Այդ օրերին մարտական դիրքերում մեզ հետ տղաներ կային, ում հետ ես լավ հարաբերություններ չեմ ունեցել ծառայության ժամանակ, բայց այսօր երազանքս է գոնե մի քանի րոպեով տեսնել նրանց, որ կարողանայի մի երկու բառ փոխանակել»: Լսելով այս խոսքերը մարդու մեջ ցանկություն է առաջանում ինչ-որ մի բան անել, որով կկարողանաս կատարել նրա այդքան հեռու ու անհաս երազանքը։

Զոհված ընկերների կարոտը Արմանը նրանց ծնողներից է առնում. «Մի քանի օր առաջ այցելել եմ Արման Անդրեասյանի և Բագրատ Ալեքսանյանի ծնողներին։ Ես հարազատ քույր ու եղբայր չեմ ունեցել, բայց մարտական դիրքերում ունեցել եմ ընկերներ, ում ես հարազատ եղբայրների պես եմ սիրել»։

Շարք վերադառնալու մասին Արմանն ասում է,որ պատերազմ սկսվելու դեպքում անպայման նորից կգնա առաջնագիծ,բայց սովորական ծառայության դժվար թե վերադառնա։

Համեստություն անելով՝ Արման Ավետիսյանը ժպտում է, երբ իրեն հերոս ենք անվանում, և նշում. «Շատ են ասում, որ ես հերոս եմ, բայց այդպես չեմ կարծում։ Ես սովորական մարդ եմ,սովորական երիտասարդ, ով, եթե չլիներ այդ մի քանի օրը, վերադառնալու էր իր ընտանիք ու շարունակելու բնականոն կյանքը, և շատ փոփոխություններ կյանքում չէին լինի։ Ես որևէ մեկից առավել չեմ, որ ինձ հերոս են անվանում»։

Նրա կարծիքով, ով էլ լիներ այդ պարագայում,անպայման նույն բանը կաներ,քանի որ այլ տարբերակ չկար. «Բոլորը, ովքեր հայտնվեին առաջնագծում,մարտական դիրքերում, կանեին այն, ինչ ես եմ արել։ Ուղղակի ճակատագրի բերումով, մենք էինք այնտեղ, այդ ժամանակ»։

Արմանը հիշեց իր բոլոր ընկերներին, ովքեր արդեն զորացրվել են և ովքեր դեռ ծառայում են ու իր մաղթանքն ուղղեց նրանց. «Ծառայակից ընկերներ ունեմ, ովքեր այս ամառ ողջ և առողջ վերադարձել են տուն, իրենց ծնողների մոտ։ Ովքեր դեռ ծառայում են, կուզենայի՝ խաղաղ ծառայություն մաղթել, ինչն այսօր ամենակարևորն է։ Թող անփորձանք վերադառնան հայրական օջախներ, և իրականացնեն իրենց նպատակներն ու երազանքները»:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս