Ստամբուլում Կորյուն Նահապետյանի հարցը հունից հանել է Մևլութ Չավուշօղլուին
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր հարցով մերկացրել է Թուրքիան` ներկայացնելով այն որպես ահաբեկչություն հովանավորող պետություն: Հայ պատգամավորի հարցը զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Կորյուն Նահապետյանը նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Կորյուն Նահապետյանը Չավուշօղլուին ուղղած իր հարցում մասնավորապես ասել է. «Թուրքիան, ձևացնելով, թե կռվում է ահաբեկիչների դեմ, իրականում սպանում է քրդերին` աջակցելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանները Հայաստանի հետ և անտեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտոնական Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի դրան` Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ցանկացած գնո վ Ադրբեջանին աջակցելու միտման պատճառով: Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում ապրիլի 2-5-ը սադրած իրադարձությունները և Թուրքիայի կողմից արված սադրիչ հայտարարությունը դրա վառ ապացույցն են: Այս պահին Թուրքիան իր զորքերն է տեղակայել երեք հարևան երկրում` դրանցից յուրաքանչյուրի դեպքում առանց տվյալ երկրի կառավարության համաձայնության: Իմ հարցն է` ինչպես է Թուրքիան տեսնում իր հարևանների հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:
Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:
Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է մեծ թվով ԻՊ զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին: