ԵԱՏՄ-ում արդեն գործելու է դեղերի միասնական շուկա
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետն առաջնահերթ կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ում արդեն գործելու է դեղերի միասնական շուկա:
«Սա նշանակում է, որ մեր արտադրողը կարող է Հայաստանում գրանցված դեղամիջոցը վաճառել Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Իհարկե, սա չի նշանակում, որ նա կարող է անմիջապես մասնակցել պետական գնումներին, որովհետև պետական գնումների համար կան նաև այլ միջոցառումներ, սակայն ազատ վաճառքը բոլոր դեղատնային ցանցերում, որոնք չեն պահանջում պետական միջոցների ծախս դեղամիջոցների համար, դառնում է իրողություն: Մեր արտադրողը կարողանում է առանց սահմանափակումների, լրացուցիչ փորձաքննությունների, գրանցման նոր ինստիտուտների իրացնել իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկայում»,- ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ սա առաջին քայլն է, որ ԵԱՏՄ-ն անում է շուկաների, ապրանքների և ծառայությունների միասնականացման համար: Հետագայում միասնական շուկաներ կլինեն նաև այլ ոլորտներում: «Մենք հայեցակարգ ենք ընդունել էներգակիրների, ծառայությունների ոլորտի վերաբերյալ: Ինտեգրման քայլերը կամաց-կամաց շարունակվում են: Այս տեսակետից մեր ուղենիշներն ամեն տարի ավելանալու են, մեր շուկան գնալով ավելի է ինտեգրվելու, և մենք հույս ունենք, որ դա բերելու է տնտեսական ակտիվության»,- ընդգծեց ՀՀ փոխվարչապետը:
Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է Հայաստանի արտադրողների հետ և ամեն ինչ անում է նրանց արտադրանքի ելքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ ապահովելու համար:
Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունքում ստեղծված գործիքակազմը հնարավորություն կտա նոր միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ: «Իհարկե, դեռևս այն միջոցները, որ դրված են պետական բյուջեում այս խնդիրների լուծման համար, շատ մեծ չեն»,- նշեց նա:
Գաբրիելյանը նաև ասաց, որ 2016թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանն արտահանման զգալի աճ ունի ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև ԵՄ շուկա: