«Ոչ մի գումար՝ 10 հազար կամ 20 հազար դրամ, արդար քվեի գնին համապատասխան չէ». Պյոտր Սվիտալսկի

«ԽՍՀՄ առաջնորդներից մեկն ասել էր, որ կարևոր չէ՝ ինչպես եք Դուք քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում ձայները։ Ես վստահ եմ, որ այս ցինիկ արտահայտությունը երբևէ Հայաստանում կիրառելի չի լինի»,- այս մասին այսօր «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շնորհանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպան Սվիտալսկին հիշեցրեց, որ ՀՀ նախագահը բազմիցս ասել է, որ ՀՀ-ն ավելի վճռական փուլ է մտնում։ Ըստ նրա՝ խորը բարեփոխումներ են ծրագրված, և հասարակությունն ակնկալում է խորը բարեփոխումներ։ «Սա ենթադրում է, որ հաջորդ ընտրությունները, որոնք տեղի կունենան 2017թ., չափազանց կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ դրանք կլինեն առաջին ընտրությունները սահմանադրական փոփոխություններից հետո, այլև այն պատճառով, որ այս ընտրությունները կլինեն այդ բարեփոխումների ցուցիչը՝ ամրապնդելով բարեփոխումներն այլ ոլորտներում։ Ուստի ԵՄ-ն օժանդակում է նախաձեռնություններին, օգնում է, որպեսզի ընտրությունները լավագույնս կազմակերպվեն։ Հատուկ կարևորություն ունի այն երիտասարդների պատրաստումը, որոնք առաջին անգամ ընտրող կդառնան։ Շատ կարևոր է, որ նրանք ունենան վստահություն և ինքնավստահություն առ այն, որ ամբողջ գործընթացն արդար է։ Ի սկզբանե նրանք պետք է հասկանան, որ իրենց ձայնը կարևոր է, մասնավորապես՝ նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է նրանից, թե որքան հասուն է իրենց ընտրությունը։ Նրանք պետք է հասկանան, որ այս քվեարկությունն իրենց ինքնության և արժանապատվության հարցն է, նրանք ազատ են ընտրելու հարցում, նրանք պետք է գիտակցեն, որ այդ ընտրությունն ինքնուրույն և անկախ են կատարում»,- ասաց դեսպանը՝ շարունակելով, որ շատ երկրներում երիտասարդ ընտրողները տարբեր ռիսկերի և վտանգների են ենթարկվում, նրանք մանիպուլյացիայի են ենթարկվում, երբեմն նաև կաշառք և գումար է առաջարկվում նրանց։ Սակայն դեսպանն ընդգծեց, որ ՀՀ երիտասարդ ընտրողները պետք է հասկանան, որ այս քվեն շատ թանկարժեք է։

«Ոչ մի գումար՝ 10 հազար կամ 20 հազար դրամ, արդար քվեի գնին համապատասխան չէ, քանի որ դուք ձեր արժանապատվությունն ու ապագան կվաճառեք, և դա չարժե անել։ Ուստի հորդորում եմ կատարել հասուն ընտրություն, դա պարտադիր չէ, որ լինի ռացիոնալ ընտրություն, որովհետև շատ հաճախ ժողովրդավարությունն էմոցիոնալ է, բայց դա պետք է լինի Ձեր ինքնուրույն ընտրությունը։ Մենք՝ որպես ԵՄ, ՀՀ-ի մյուս գործընկերները ջանք չենք խնայում, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր քվեն, ձեր ձայնը հաշվի կառնվի ընտրությունների ժամանակ։ ԽՍՀՄ առաջնորդներից մեկն ասել էր, որ կարևոր չէ՝ ինչպես եք Դուք քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում ձայները։ Ես վստահ եմ, որ այս ցինիկ արտահայտությունը երբևէ Հայաստանում կիրառելի չի լինի։ Ուստի հույս ունեմ, որ երիտասարդ քվեարկողները կգնան ընտրատեղամասեր և իրենց ընտրությունը կկատարեն»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս