«ՓՄՁ ոլորտը հայաստանյան տնտեսությունը մրցունակ դարձնելու միակ հնարավորությունն է». Ներսես Երիցյան
Փոքր և միջին ձեռնարկությունները հայաստանյան տնտեսության զարգացման հիմքն են եւ միակ հնարավորությունը այն մրցունակ դարձնելու: ՓՄՁ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում ասաց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
«Ուրախ եմ, որ այսօր Եվրոպական ներդրումային բանկն առնվազն մեկ տասնյակից ավելի ծրագրեր է իրականացնում մեր տնտեսության տարբեր ոլորտներում, եւ համոզված եմ, որ բանկը մեզ համար դարձել է որակի եւ գերազանցության չափանիշ: 2 տարի առաջ սկսվեց ՓՄՁ-ների վարկավորման ծրագիրը, որին մասնակցում են մեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների մեծ մասը: Նման ծրագիրը հայկական իրականության մեջ շատ լուրջ հաջողություն է»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է մեծապես օգտվել Եվրոպայում ձեւավորված ՓՄՁ ոլորտի լավագույն փորձից եւ հասանելի դարձնել ոլորտի զարգացման համար համապատասխան ռեսուրսները: «Այս ծրագրի շրջանակում բանկերը պետք է կարողանան նոր ձեւով մոտենալ իրենց հաճախորդների հետ աշխատանքին` ավելի շատ չափանիշ վերցնելով արժեշղթայի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք տարբեր ոլորտներն ու նախաձեռնություններն իրար կապել, առավելագույնի հասցնել թե վարկավորման հնարավորությունը, թե դրա արդյունքը տնտեսության վրա` իհարկե նաեւ նվազեցնելով ռիսկերը»,- ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահը:
Եվրոպական ներդրումային բանկը ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ անգամ Հայաստանին տրամադրել է 50 մլն եվրո վարկ: Նախկին վարկի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014 թվականին: