«ՀՀ-ն ԵԽ-ի շատ կարևոր անդամ է, մեզ համար կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում». Նատալյա Վուտովա

Այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տրվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի ընտրախաղերի մեկնարկը։ Ծրագիրը, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան  դպրոցը, «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության  երկրների համար 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում։ «Առաջին անգամ ընտրող»-ի շրջանակներում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ բոլոր՝ թվով 110 ավագ դպրոցներում։

Թիվ 198 դպրոցում ծրագիրը մեկնարկեց ընտրական գործընթացի բեմադրությամբ՝ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախապես աշխատել էին վերապատրաստում անցած ուսուցիչները, կազմակերպել էին ողջ ընտրական գործընթացը սեփական ուժերով՝ ձևավորելով ընտրատեղամաս և քվեարկություն, որը համապատասխանում է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին։ Հանձնաժողովի նախագահ նշանակված աշակերտը պատմեց, թե որոնք են իր գործառույթները և ինչպես պետք է ընտրատեղամասում ապահովի ազատ և արդար ընտրություններ, ինչպես պետք է գրանցի խախտումները։ Ըստ նրա՝ այս գործնական բեմադրությունը և հետաքրքիր է, և ինֆորմատիվ, քանի որ իրեն հնարավորություն է տվել ծանոթանալ իր ապագա իրավունքներին և  քվեի կարևորությանը։

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան  դպրոցի ղեկավար Արմեն Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ այն ուղղված է ՀՀ-ում ընտրական գործընթացի աջակցությանը։  Նրա խոսքով՝ այդ աջակցությունը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության  կառավարության  հետ ստորագրված հուշագրի շրջանակում, իսկ հուշագիրը   բաղկացած է մի քանի բաժիններից՝ գոյություն ունի  և ԿԸՀ-ի, և ԶԼՄ-ների,  և կանանց իրավունքների պաշտպանության  կազմակերպությունների հետ համագործակցություն։ «Բաղադրիչներից մեկն էլ կոչվում է «Առաջին անգամ ընտրող»։

Մենք  ծրագրում ընդգրկեցինք ՀՀ 110 ավագ դպրոցների բարձր դասարանի աշակերտներին։

Կարդացեք նաև

Պատրաստվել  է ձեռնարկ, որով ուսուցիչները պետք է դասեր իրականացնեն՝ երեք դաս, որոնցից առաջինը ժողովրդավարության մասին է, մյուսը, թե ինչպես է գործելու նոր Ընտրական օրենսգիրքը, և երրորդը,  թե ինչպես է տեղի  ունենում ընտրությունը՝ երեխաները հենց իրենք  մասնակցում են  և անցկացնում ընտրական գործընթացը։ Երկրորդ ձեռնարկը, որը մշակվել է աշակերտների համար, արդեն  ադապտացված է ՀՀ նոր ԸՕ-ին, որպեսզի  բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նրանց փոխանցվեն»,- մանրամասնեց Արմեն Զաքարյանը։

Վերջինիս ընդգծմամբ՝ քվեարկելը մասնակցության ձև է, իսկ ընտրության մասնակցելը  քաղաքացիական իրավունքի իրացում է։ «Այդ գիտակցումը  կփորձենք այս ծրագրով  հնարավորինս փոխանցել երեխաներին»,- շեշտեց ՔԴԵԴ-ի ղեկավարը։

Իր հերթին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն շատ ուրախ է, որ Եվրոպայի խորհրդի հետ կարողացել է ֆինանսավորել այս ծրագիրը։ «ՀՀ նախագահը բազմիցս ասել է, որ այժմ ՀՀ-ն ավելի վճռական փուլ է մտնում, խորը  բարեփոխումներ են ծրագրված, և  ժողովուրդն ակնկալում է լուրջ բարեփոխումներ, ուստի հաջորդ ընտրությունները, որոնք տեղի  կունենան 2017թ., չափազանց կարևոր են»,- ասաց Սվիտալսկին։

Նա ապագա ընտրող աշակերտներին կոչ արեց գնահատել իրենց ընտրելու իրավունքը՝ աջակցելով ազատ և արդար ընտրությունների կայացմանը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալություն  հայտնեց Եվրոպական միության պատվիրակությանն այս ծրագրում ԵԽ գործընկերը լինելու համար։

«ԵՄ-ն և ԵԽ-ն կիսում են նույն արժեքները ժողովրդավարության և ընտրությունների վերաբերյալ։ ԵԽ-ն շատ ակտիվ աշխատել է ՀՀ  իշխանությունների հետ օրենսդրական դաշտում գալիք ընտրությունների համար, այդ աշխատանքներն իրականացվել են Վենետիկյան հանձնաժողովի միջոցով։ Այժմ շատ կարևոր է  տեսնել, թե գործընթացներն ինչպես տեղի կունենան ընտրությունների նախապատրաստման  և ընտրությունների օրերին։ Հենց այդ պատճառով  մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդ ընտրողներին և  մասնավորապես առաջին անգամ ընտրողներին, ովքեր իրենց մասնակցությունն առաջին անգամ կունենան  գալիք ընտրություններին։ ՀՀ-ն ԵԽ-ի շատ կարևոր անդամ է, մեզ համար կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում։ Ուստի մենք ուշադրություն ենք դարձնում նրան, թե ինչպես է այս ծրագիրն իրականացվում»,- նշեց Վուտովան։

Տեսանյութեր

Լրահոս