Հրանտ Բագրատյանն առաջարկում է տնտեսական աճը բարձրացնել 5.5%
«Մեր հիմնական խնդիրն այն է, որ երկրի տնտեսությունը չի աճում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ 2017թ. պետբյուջեով ՀՀ կառավարությունը կանխատեսում է 3.2 տնտեսական աճ։
Հրանտ Բագրատյանին չի հետաքրքրում, թե դա ինչպիսի թիվ է, կամ այն, որ այս տարի աճը մոտ 2% է. «Ինձ հետաքրքրում է մեկ այլ բան՝ մյուս տարի աշխարհում էլի սպասվում է ավելի մեծ աճ, քան մեզ մոտ։ Սա նշանակում է՝ գլոբալ մրցունակության մեջ մի աստիճան էլ ենք իջնում։ Այս հանրապետությունն իրավունք չունի, ունենալով աշխարհի միջին ՀՆԱ, աճից, 3 անգամ ցածր աճ ներկայացնել»։
Հ. Բագրատյանի խոսքով՝ բյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, որը 2016 թվականի սպասողականից բարձր է 24 միլիարդով՝ ուղիղ 2 տոկոսով, բայց հաշվի առնելով, որ 2.4 տոկոս էլ գնաճ կա, այդ պայմաններում եկամուտները պարզապես նվազում են։ Պատգամավորի դիտարկմամբ՝ նույնն է 2016 թվականի բյուջեն 2015 թվականի նկատմամբ, դրա համար էլ հարկեր-ՀՆԱ հարաբերությունն է իջնում։
Նա նշեց, որ բավականին լուրջ պայքարից հետո վերջապես հայտարարված է, որ կլինի ներդրումային հիմնադրամ, որի արդյունքներն այստեղ արտացոլված են. ««Goldman Sachs»-ը պնդում է, որ աշխարհի տնտեսությունը մյուս տարի կաճի 3.5 տոկոս, Թրամփը կտանի ներքին քաղաքականություն, արդեն դրա ազդեցության տակ ոգևորվել է Ալան Գրինսպենը, դոլարը սկսել է ամրապնդվել։ Ի՞նչ է մեր պատասխանը՝ ոչ մի բան, մեր պատասխանը զրոյական է։
Մենք փորձում ենք իբր թե աճել 3.2 տոկոս, աճելու ենք ավելի դանդաղ, քան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ես առաջարկել եմ կառավարությանն առնվազն 97 միլիարդ դրամով ավելացնել եկամուտները։ Առաջարկում եմ տնտեսական աճը բարձրացնել մինչև 5.5 տոկոսի, գնաճն էլ բարձրացնել 5-6 տոկոս, որովհետև երկու տոկոս գնաճի դեպքում աճ ապահովելը շատ բարդ է։ Տնտեսական աճի արագացման հաշվին մենք կստանանք 27 միլիարդ դրամ։ Եվս 40 միլիարդ առաջարկում ենք, որպեսզի կառավարությունը ցույց տա, որ ինքը պայքարում է ստվերի դեմ։ Ես այս ամենին կավելացնեի նաև 20 միլիարդ գույքահարկ»։