«Կառավարությունը քաջություն է ունեցել նույնիսկ ընտրությունների դիմաց ներկայացնելու ոչ թե պոպուլյար բյուջե, այլ իրատեսական բյուջե». Վարդան Արամյան
«ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ ղեկավարը չի հիշում ավելի «ձանձրալի» բյուջե, որ այդքան «ձանձրույթ» առաջացներ թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ պատգամավորների մոտ:
«Մի լավ լուր այս տարվա բյուջեով՝ մենք ազգային տուրք չեն փոխանցելու Զորի Բալայանին ու Հայաստանում ծովագնացության զարգացմանը: Եվ մի լուր՝ ի գիտություն. բյուջեի նախագծով նախատեսված չեն նաև միջոցներ հայկական առաջին տիեզերական արբանյակի կառուցման համար»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ նոր կառավարության կողմից այդչափ խոսվեց, որ պայքարելու են կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ, սակայն դրա հաղթարշավը հոբելյանական 10 օր տևեց:
«Ներդրումներ բերելու մասով՝ բոլոր երեք կառավարությունները նշեցին, որ իրենք կախարդական փայտիկ չունեն. պետք չէ կախարդական փայտիկ ունենալ, պետք է ընդամենն ունենալ քաղաքական կամք՝ ստվերի և մենաշնորհների դեմ պայքարելու համար»,- հայտարարեց նա։
ՀԱԿ ղեկավար Լ. Զուրաբյանն էլ ասաց, որ պետք չէ վեց ամիս պահել իշխանությունը, վեց ամսում իշխանություններն ուղղակի անարդյունավետ կերպով մսխելու են երկրի հնարավորությունները: Նա իշխանություններին հորդորեց հենց հիմա հրաժարական տալ, որովհետև այն փաստաթուղթը՝ բյուջեն, որը բերել են, ըստ նրա, հրաժարականի մանիֆեստ է։
«6 ամիս էլ մի չարչարեք մեր ժողովրդին, հիմա հրաժարական տվեք, որ իշխանության գան այն ուժերը, որոնք ունեն զարգացման բանալին: Եթե հետաքրքրում է՝ ո՞ր ուժն ունի զարգացման բանալին, ապա ասեմ՝ ՀԱԿ-ն ունի»,- ասաց Լ. Զուրաբյանը:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ի պատասխան Լ. Զուրաբյանի հորդորի՝ տեղից հակադարձեց. «Էլ ոչ մի արգումենտ չի մնացել, մնացել է խնդրելը: Դուք հիմա աղերսում եք»:
2017 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ պետք է մի բան հասկանալ՝ բյուջեն անսահմանափակ չէ, ու բյուջեն պետք է լինի բալանսավորված։
«Կարծում ենք՝ տնտեսական աճի 3.2 տոկոսը խիստ իրատեսական է։ Պետք է դնենք իրատեսական ծրագիր, որպեսզի կարողանանք հետագայում թիրախավորել ավելի բարձր տնտեսական աճ։ Մեր կառավարությունը քաջություն է ունեցել նույնիսկ ընտրությունների դիմաց ներկայացնելու ոչ թե պոպուլյար բյուջե, այլ իրատեսական բյուջե, ոչ թե բյուջե, որը կարող է մեկ տարի հետո ավելի խորը խնդիրներ առաջացնել, այլ բյուջե, որը հենքեր է ստեղծելու, որ մեկ տարի հետո մենք ավելի վստահաբար շարժվենք առաջ։ Խնդրում եմ այս նախագծին կողմ քվեարկեք»,- հայտարարեց նախարարը։
Նշենք, որ խորհրդարանը 24 ժամ հատկացրեց պատգամավորներին բյուջեի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, իսկ բյուջեի քվեարկությունը տեղի կունենա չորս օր հետո: