Բաժիններ՝

Հայկական պարը Իլինոյսի Բալետի և արվեստի ակադեմիայում

Օրերս ամերիկյան CBS հեռուստաընկերությունը և Chicago Tribune օրաթերթը անդրադարձ են կատարել հայկական պարարվեստին՝ մասնավորապես, ներկայացնելով պարուսույց-բալետմեյստեր Հրաչյա Կոստանյանի գործունեությունը, որն աշխատում է Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքի Բալետի և արվեստի ակադեմիայում:

Մեկ տարի է արդեն, ինչ Հրաչյան ժամանել է ԱՄՆ և աշխատում է այս հաստատությունում: Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Բելլա Լևինսոնի կողմից ստանալով աշխատանքի առաջարկ՝ Հրաչյան հանձն առավ ակադեմիայում անցկացնել հայկական պարի կանոնավոր դասընթացներ: Պարարվեստի բնագավառում ունենալով երկար տարիների դասավանդման փորձ և բալետմեյստերի բարձրագույն կրթություն՝ նա իր ուժն ու եռանդն է ներդրել ակադեմիայում հայ և օտարազգի աշակերտներին հայկական պար ուսուցանելու համար: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում Հրաչյայի աշակերտները հասցրել են սովորել հայկական պարեր, մասնակցել մրցույթ-փառատոների և արժանանալ մրցանակների:

Նրա աշակերտները մեծ ոգևորությամբ են հաճախում դասերին՝ նոր հաջողությունների ակնկալիքով: Առաջիկայում Բալետի և արվեստի ակադեմիան պատրաստվում է մասնակցել համաամերիկյան պարային մրցույթների, որտեղ ներկայացվելու են նաև Հրաչյա Կոստանյանի բեմադրած պարերը:

Հրաչյա Կոստանյանի աշխատանքը ակադեմիայում հայրենիքից հեռու ապրող հայերին հնարավորություն է տալիս պարի միջոցով հաղորդակից լինելու իրենց հարազատ մշակույթին:

ԼՈՒՍԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս