Բաժիններ՝

«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այն հնարավորություններին, որ բյուջետային գործընթացն ընձեռում է». փոխվարչապետ

«Կառավարության ծրագիրը երկու ուղղություններով է գնում՝ և՛ կան կարճաժամկետ խնդիրներ, և՛ կան նաև ավելի երկարաժամկետ լուծումներ, որոնք դրվելու են ավելի ուշ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ հնարավոր չէ նույն արագությամբ այդ անդրադարձները և աղերսները արտացոլել 2017 թվականի պետական բյուջեում, քանի որ բյուջեն մեծ իներցիա ունեցող փաստաթուղթ է, որը սկսում են մշակել տարվա սկզբից։

«Խոսվեց ուռճացված պետական ապարատի մասին։ Երբ խոսում են ուռճացված պետական ապարատի մասին՝ կարող են խոսել այս կամ այն պատմական կտրվածքով։ Կարող եմ նշել, որ արդեն իսկ սեպտեմբերից հետո կառավարությունը կրճատել է 4 ծրագրի իրագործման գրասենյակ և մի քանի ՊՈԱԿ, նույն՝ այսօրվա կառավարության որոշմամբ վերջին ԾԻԳ-ը, որ քաղաքաշինության նախարարությունում էր, կրճատվեց։  Նմանատիպ գործընթացը այժմ համարվում է կառավարության առաջնահերթություններից։ Առայսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա, ինչը ևս փոքր թիվ չէ»,- նշեց Վ. Գաբրիելյանը։

Նա վստահեցրեց, որ այն թեմաները, որոնք այս ընթացքում արծարծում են պատգամավորները, տեղ են գտել և գտնելու են ՀՀ կառավարության ծրագրերում. «Սեպտեմբերին ստեղծված կառավարությունը չէր կարող անմիջապես փոփոխություններ մտցնել։ Այդ առումով առաջարկում ենք նայել բյուջեին որպես մեծ իներցիայի փաստաթղթի, որը կարողացել է լավագույն շեշտադրումերը պահպանողականության առումով պահպանել, միևնույն ժամանակ դնել էական շեշտադրումներ պարտքի կայունության առումով, հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ, սոցիալական ծախսերի պաշտպանվածության վերաբերյալ: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այն հնարավորություններին, որ բյուջետային գործընթացն  ընձեռում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս