Ինչ պատժի կարժանանան ապօրինի հարստացողները. կառավարությունը հաստատեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը
Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը:
Նախարարի խոսքով՝ նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով, այնպես էլ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքն ավելացել է և (կամ) պարտավորությունների նվազել են, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պետք է պատասխանատվույթան ենթարկվի ապօրինի հարստացման համար:
Այս արարքի համար նախագծով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Էական է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը:
Խոսելով սահմնված շեմի մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ելել են գործող իրողությունից և հայտարարագրման առկա համակարգից.
«Կան եկամուտներ, որոնք օրենքով հայտարարգրման ենթակա չեն: Բնականաբար՝ ծախսել իրավապահ մարմնի ռեսուրսը, պետական ռեսուրսն, ըստ էության, փոշիացնել, կարող է հանգեցնել նաև, ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ջանքերի փոշիացման և անարդյւոնավետ լինելուն: Դա է պատճառը, որ մենք սահմանել ենք որոշակի շեմ, որից վերև խոսում ենք ապօրինի հարստացման մասին»:
Արդարադատության նախարարն ասաց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթով էլ առաջարկվում է սահմանել, որ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած փոխառության դիմաց վճարներ հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է երկու միլիոն դրամը:
«Սա հնարավորություն կա, որ թափանցիկությունն առավել մեծանա, շրջանառությունը, պաշտանատար անձի օրինական եկամուտները դառնան ավելի հստակ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: