Իրան սննդամթերք արտահանելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ
ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի և առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում ներկայացնել որոշման նախագիծ՝ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա արտահանման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արադրանքը համապատասխանի ԻԻՀ-ում սաահմանված չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով:
«Ունենք հարևան մեծ շուկա: Այդ շուկան ունի մեծ պահանջարկ: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցում եք չնչին տոկոս: Ելնելով դրանից՝ միշտ շուկան և սպառողն են թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է համապատասխանի արտադրանքը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե արդյունավետ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և առաջարկություններ ներկայացնել: