«ՀՀ-ԵՄ բանակցությունները կավարտվեն հաջորդ տարի». Յոհաննես Հահնն ու Էդվարդ Նալբանդյանն ամփոփեցին բանակցությունները
«ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտից հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Իր հերթին՝ Երևանում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը մյուս տարվա ընթացքում կավարտեն բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որից հետո ԵՄ-ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգային գործողություններին ԵՄ անդամ 28 երկրների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբեր ամսին: Նրա խոսքով՝ այս ընթացքում կողմերն անցկացրել են բանակցային վեց փուլ, որոնք, նրա գնահատմամբ, հաջող են եղել: Նախարարի փոխանցմամբ՝ բանակցային հաջորդ փուլը կկայանա այս տարվա դեկտեմբեր ամսին:
«Եվս երկու-երեք փուլից կավարտենք բանակցությունները, չեմ կարծում, որ ավելին պահանջվի: Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ-ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը: ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա: Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, և ԵՄ-ն ևս պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրեն այդ շրջանակային համաձայնագիրը: Ամենակարևորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն որակը, խորությունը, հարաբերությունների լայն ծավալը, որ մենք ունենք: Դրա վրա ենք մենք աշխատում և պետք է դա ավարտին հասցնենք: Դա շատ շուտով է լինելու, ինչպես ասաց պարոն Հահնը»,- մանրամասնեց Նալբանդյանը:
Հարցին, թե ինչով է բանակցվող փաստաթուղթը տարբերվում երկու տարի առաջ չստորագրված Ասոցացման համաձայնագրից, Է. Նալբանդյանը պատասխանեց, որ ցանկություն կա ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը: Նախարարը նաև հիշեցրեց, որ ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ ԵՄ հանձնակատար Էշթոնի հետ փոխանակել էին նամակներ, որտեղ հստակ նշվում էր, որ՝ այո՛, պատրաստ են գնալ բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով ՀՀ պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ցանկությունն այն է, որ նոր շրջանակային համաձայնագիրն արտացոլի մեր հարաբերությունների էությունն ու խորությունը, բարձր մակարդակը, որն այսօր առկա է: