«Մենք պարտքային փոսից դուրս ենք գալիս». Ֆինանսների նախարար
«Ստացվում է՝ մենք ընկնում ենք պարտքային մի փոսի մեջ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ ինքը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվել է, թե այդ պարտքային փոսից դուրս գալու համար ի՞նչ տնտեսական աճ է մեզ պետք։ Վ. Արամյանն այն ժամանակ պատասխանել է՝ մոտավորապես 5 տոկոս. «Հիմա այդ 5 տոկոսն էլ չեք դրել ձեր առաջ, նշանակում է՝ այսօր հաստատում եք պարտքային փոսի մեջ խորանալու ծրագիր՝ առանց զարգացման»։ Հիշեցնենք, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ակնկալվում է 3.2 տոկոս տնտեսական աճ։
Վ. Արամյանն ասաց, որ իրենք 2017 թվականին ակնկալում են, որ պարտքը պետք է լինի 6 միլիարդ 245 միլիոն, բայց սա դեռ գնահատական է. «Մենք ունենք պարտքի կայունության գնահատման գործիքակազմ, արդյոք մեզ համար 3.2 տոկոսը բավարա՞ր է, որ մենք ունենանք կայունացող պարտք, ասում եմ՝ ոչ, բավարար չէ: Երկրորդ հարցը՝ այդ դեպքում 2017 թվականին կարո՞ղ ենք ավելի բարձր տնտեսական աճ ծրագրավորել, կարող ենք, բայց ռիսկային է, որովհետև ես կարող էի դնել 5 կամ 7 տոկոս իրական աճ, բայց դա տնտեսական չէ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք՝ ինչ է կատարվում գլոբալ տնտեսությունում, որոնք են մեր տնտեսական աճի հենքերը, որոնք թույլ տալով՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք։ Եթե մեր առևտրային գործընկեր երկրներում աճն ամեն դեպքում համեստ է կանխատեսվում, ակնհայտ է, որ դու միանգամից էական պոռթկում կամ էական թռիչքաձև աճ հնարավոր չէ ունենաս։ Մեր մոտեցումը, որ ծրագրել ենք 2017 թվականին, իրատեսական է՝ նաև պարտքի տեսանկյունից»։
Լ. Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց Վ. Արամյանից անկեղծ պատասխանի համար՝ միաժամանակ նկատելով. «Դրանից հետևում էր, որ դուք իսկապես իրատեսական չեք համարում այս պարտքային փոսից դուրս գալու հեռանկարը, դուք ասացիք, որ իրատեսական չեք համարում այն աճի տեմպերը, որոնք անհրաժեշտ են դրա համար։ Այդ դեպքում հարց է ծագում, այս կառավարությունն ինչո՞ւ է վերցրել երկրի կառավարման ղեկն իր ձեռքը, թող զիջի մեկ այլ կառավարության, որն ունի իրատեսական ծրագիր երկիրը զարգացնելու համար»։
Նախարարը չհամաձայնեց Լ. Զուրաբյանի հետ. «Ճիշտ հակառակը՝ մենք պարտքային փոսից դուրս ենք գալիս։ Ես պարտքային փոսից դուրս չէի գա, եթե ներկայացնեի մի բյուջե, որն անընդհատ ծախսերի աճ է նախատեսում։ Ներկայացնեի, ասեի՝ գիտեք, ես ուզում եմ պոպուլյար երևալ, եկեք թոշակները բարձրացնենք, ես ուզում եմ պոպուլյար երևալ, դիմացն էլ ընտրություններ են, բերեք մենք կարճաժամկետ գործողություն անենք, բա հետո՞, հետո ավելի բարդ է լինելու։ Անկախ նրանից՝ կլինի Վարդան Արամյա՞նը, թե՞ պարոն Զուրաբյանը, ես պետք է ամեն ինչ անեմ, որ պարոն Զուրաբյանը վեց ամիս հետո ինձ փոխարինելու դեպքում խնդիրներ չունենա»։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ Վ. Արամյանին հորդորեց չշտապել. «Մի շտապեք այդքան»։